Հայաստանի իշխանությունները չեն բարձրացնում էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր ընտրությունների պատճառով։ Նոյեմբերի 6-ի մամուլի ասուլիսում այս միտքն է հայտնել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։

Նրա խոսքով՝ չի բացառվում, որ իշխանությունները սակագները կայուն պահելու համար կարող են այլ աղբյուրից գումար ներգրավել, ինչպես արեցին ԱԷԿ-ին խոստացված 12 միլիարդի դեպքում։ «Կարևոր է հիշել, որ սա ևս հարկատուների գումարն է։ Բայց ես համոզված եմ․ եթե նոր ընտրությունների չգնան, անպայման կբարձրացնեն գները»,– ենթադրել է Ղազինյանը։

Պատգամավորը հայտնել է, որ Սամվել Կարապետյանը 2016–2024 թվականներին ՀԷՑ-ում 650 մլն դոլարի ներդրում է կատարել։ Վարկերի առյուծի բաժինը՝ 80 տոկոսը, մարել է սեփական գրպանից։

«Հիմա ՀԷՑ-ը խլել են։ Չեմ պատկերացնում, թե ով կարող է գնել ընկերությունը՝ ուսումնասիրելով, թե ինչպես է դա արվել։ Այս իշխանությունները հավերժ չեն, նրանք շուտով կհեռանան, և անկախ նրանից, թե ով կլինի իշխանության ղեկին, ՀԷՑ-ը կվերադարձնեն սեփականատիրոջը»,– հայտնել է Ղազինյանը։