Դատական պրոցեսները ունեն ընդամենը մեկ պատճառ բայց դրա մասին այսօր այս պահին չէի ուզենա խոսել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6–ին, դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներին։
«Մեղադրանքը մեկն է՝ Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալն է։ Իրական մեղադրանքը դա է, դուք էլ գիտեք»,–ասաց նա՝ չցանկանալով այլ հարցերի պատասխանել։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ երկու օր առաջ վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։
Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am—ին հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։
Ավելի ուշ ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ, նրանք ձերբակալվել են։





























