Սիրիայի Հուլա քաղաքում սպանդի ականատեսները տեղի ունեցածում մեղադրում են կառավարամետ ռազմականացված «Շաբիհ» խմբավորման գրոհայիններին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Ռուփերթ Քոլվիլը: Խոսքն առանց համազգեստի եւ պաշտոնական կարգավիճակ չունեցող զինված խմբերի մասին է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 25-26-ին, Հուլա գյուղում, հրետանային կրակահերթի զոհ է գնացել 108 մարդ, այդ թվում 49 կին եւ երեխա:

Քոլվիլը` վկայակոչելով ՄԱԿ-ի դիտորդներին, հայտնել է, որ շուրջ 90 մարդու կախաղան են բարձրացրել «երկու այլ միջադեպերի» ընթացքում, մնացածը սպանվել են հրետանային կրակահերթի հետեւանքով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Սիրիայի իշխանությունները մայիսի 28-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ նամակ են ուղարկել, որում հերքել են իրենց առնչությունը այդ ողբերգությանը եւ պատասխանատվությունը դրել արմատական իսլամական խմբավորումների գրոհայինների վրա:

Սիրիայի ԱԳՆ նամակում նշվում է, որ Հուլայի վրա հարձակման ժամանակ գրոհայիններն օգտագործել են դանակներ, ինչն իսլամիստ գրոհայինների ձեռագիրն է: Սիրիայի ԱԳՆ-ի տվյալներով, գյուղի վրա հարձակմանը մասնակցել են հարյուից ավելի գրոհայիններ:

Հուլա գյուղի վրա հարձակումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի Դամասկոս այցելության նախօրեին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 26-ին դատապարտել է Հուլայի խաղաղ բնակիչների սպանությունը եւ հրապարակել իր հայտարարությունը: