Պարզվել է մարդասպանի ինքնությունը, ով Պետերբուրգում գնդակահարել էր 45-ամյա ռեստորատոր Սարգիս Պետիկյանին:
Ինչպես «Ֆոնտանկա»-ին հայտնել են ոստիկանությունից, հրաձիգը Իվանովոյի մարզի նախկինում դատված բնակիչ է եղել:
Պատվիրատուի եւ կազմակերպչի ինքնությունը դեռ չի պարզվել: 28-ամյա մարդասպանի ուսին վիշապ է դաջված:
Միեւնույն ժամանակ տեղեկություններ են տարածվել, որ քննիչները կարող են մեղադրանք առաջադրել Պետիկյանի եղբորը` ինքնապաշտպանության սահմանները վերազանցելու համար:
Մայիսի 27-ին 45-ամյա Սարգիս Պետիկյանը կանգնած է եղել «Կամելոտ» ռեստորանի ներքին բակում եւ բանվորների հետ քննարկել է նոր ինտերիերը: Նրան է մոտեցել մի երիտասարդ ու TT մակնիշի ատրճանակից կրակել նրա վրա: Պետիկյանը նետվել է կրակողի վրա, վերցրել զենքն ու պատասխան կրակոցով վիրավորել հարձակվողին:
Մարդասպանին հաջողվել է պոկել Պետիկյանի ձեռքից զենքը, մի քանի կրակոց արձակել եւ փախուստի դիմել: Նրան հետապնդել է սպանվածի եղբայրը` 42-ամյա Խաչատուր Պետիկյանը, ով կես կմ հետապնդումից հետո բռնել եւ կապկպել է մարդասպանին:
Ռեստորանի ճանապարհին երիտասարդը մահացել է:



























