ԱՄՆ-ը հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում սրընթաց տեղաշարժեր կլինեն: Այդ մասին, ըստ ադրբեջանական «APA» գործակալության, նախօրեին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի հարցով ակտիվորեն զբաղվում են, ԵԱՀԿ Մինսկի խումբն ակտվիորեն աշխատում է: «Հուսով եմ, որ մոտ ժամանակներս առաջընթաց ձեռք կբերվի: Դա շատ կարեւոր է մեզ համար: Հիմնարար սկզբունքների հետ կապված կա որոշակի պայմանավորվածություն, ինչը կարող է շատ կարեւոր լինել հակամարտության լուծման գործում: Կարծում եմ, հակամարտության կարգավորումը օգտակար կլինի բոլոր կողմերի համար»,- ասել է Գորդոնը:
Ավելին, աղբյուրի տվյալներով, պետքարտուղարի տեղակալը, մասնակցելով «Լիսաբոնյան պայմանագիր. Դրա ազդեցությունը Եվրամիության եւ Միացյալ Նահանգների կապերի վրա» թեմայով լսումներին՝ ընդգծել է, թե Հարավային Կովկասը, Մերձավոր Արեւելքը, Իրանի միջուկային ծրագիրն ու տարածաշրջանային այլ խնդիրներ ԱՄՆ-ԵՄ համագործակցության ուղղություններից են:




























