Ֆրանսիան եւ Գերմանիան հայտարարել են, որ երկրից վտարում են Սիրիայի դեսպաններին` Հուլայի սպանդի պատճառով: Ավելի վաղ վտարման մասին հայտարարել էր նաեւ Ավստրալիան:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի որոշմամբ, Սիրիայի դեսպանը պետք է լքի երկիրը մինչեւ հաջորդ երեքշաբթի: Այդ մասին դիվանագիտական առաքելությունը կտեղեկացվի այսօր կամ վաղը, ասել է Օլանդը Բենինի նախագահ Յաիի Բոնիի հետ հանդիպմանը:
Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սիրիայի դեսպանին այսօր կանչել են ԱԳՆ եւ պաշտոնապես հայտնել, որ պետք է լքի երկիրը:
Ավստրալիան 72 ժամ է տվել Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին ու եւս մեկ դիվանագետի: Հաղորդվում է, որ վտարման պատճառը Հուլայում տեղի ունեցած սպանդն է, երբ 100-ից ավելի մարդ էր սպանվել:




























