Իտալիայի հյուսիսում այսօր` մայիսի 29-ին տեղի ունեցած երկրաշարժին հետեւել են մի քանի հետցնցումներ: Զոհերի թիվն այս պահի դրությամբ, հասել է 10-ի:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», Իտալիայի հյուսիսում 5,3 մագնիտուդով ուժեղ հետցնցում է գրանցվել ժամը 12:56-ին (Երեւանի ժամանակով 14:56-ին): Բառացիորեն մի քանի րոպե անց արձանագրվել է եւս մեկ հետցնցում` 5,1 մագնիտուդով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իտալիայի հյուսիսում, այսօր` մայիսի 29-ին, նոր ուժեղ երկրաշարժ է գրանցվել: 5,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով 10:00-ին), հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Տարերային աղետի էպիկենտրոնը գտնվել է Մեդոլա քաղաքից 3 կմ հեռավորության վրա, հիպոկենտրոնը եղել է 9,6 կմ խորության վրա: Ստորերկրյա ցնցումների հետեւանքով առնվազն մեկ մարդ մահացել է, կան վիրավորներ: Միրանդոլա քաղաքում փլատակների տակ են հայտնվել 4 բանվորներ, որոնց փորձում են փրկել, հաղորդում է РБК-ն:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին, 6 բալ ուժգնության երկրաշարժերի շարք էր տեղի ունեցել Իտալիայի հյուսիսում, որոնց հետեւանքով շենքեր էին փլվել: 7 մարդ զոհվել էր, առնվազն 50 մարդ` վիրավորվել: Ընդ որում 3 մարդ մահացել է սրտի անբավարարությունից:




























