Ջերմուկ քաղաքի ավագանու 11 անդամներ բաց նամակ են հղել ՀՀ բնապահպանության նախարարին` պահանջելով կասեցնել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը: Այդ մասին տեղեկացնում է «Էկոլուրը»: Նամակում, մասնավորապես, նշված է.
«Ամուլսարը գտնվում է տեկտոնական խզվածքի վրա եւ չկա որեւէ երաշխիք, որ բաց հանքի շահագործման համար կատարվող պայթեցումները չեն ազդի երկրաշարժերի ակտիվության վրա բացասական իմաստով: Մեծ է հավանականությունը, որ կխախտվեն հանքային աղբյուները սնող ընդերքի շերտերը, որի հետեւանքով կարող են ցամաքել գործող աղբյուրները: Ամուլսարը գտնվում է Արփա եւ Որոտան գետերի ջրբաժանում: Հանքարդյունաբերության հետևանքով առաջացած դատարկ ապարների կույտը եւ պոչամբարը տեղակայվելու են առանձին տեղամասերում եւ Որոտան գետից գտնվելու են միջինը 200-300 մ հեռավորության վրա, իսկ Սպանդարյան ջրամբարից` 2.5 կմ: Ոսկու հանքը շահագործվելու է ընդամենը 15 տարի ժամկետով: Քաղաքի բնակիչների համար Ամուլսարի ողջ շրջակայքը հանդիսանում է խոտհարքների, ուտելի խոտաբույսերի եւ դեղաբույսերի հավաքման տարածք, եւ Ջերմուկ առողջարանային քաղաքն այդ առումով էկոտուրիզմի խոշոր կենտրոն է: Հանքի շահագործման ընթացքում պայթեցումներից առաջացած փոշին, որը հագեցած կլինի ծանր մետաղներով, կապականի ողջ էկոհամակարգը: Քաղաքից ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվող նման խոշոր հանքարդյունաբերությունը «Ջերմուկ» բրենդի վրա չի կարող աննպաստ ազդեցություն չթողնել:
Դիմելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` Ջերմուկի համայնքի ավագանին ակնկալում է, որ լինելով պետական լիազորված մարմին` այն բոլոր միջոցներով կկանխի ու կարգելի Ամուլ սարի ոսկու հանքավայրի շահագործումը»:
Նշենք, որ հանքավայրը շահագործելու իրավունքը պատկանում է «Գեոթիմ» ընկերությանը:




























