Բավարիայի վարչապետ, Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) առաջնորդ Մարկուս Զյոդերը կրկին հանդես է եկել Գերմանիայում պարտադիր զինվորական ծառայությունը վերականգնելու օգտին։
Նրա կարծիքով՝ սպառազինության և ենթակառուցվածքի ծախսերի ավելացումը, ինչպես նաև ռազմական տեխնիկայի գնումների արագացումը բավարար չեն բանակն ամրապնդելու համար։
«Գերմանիան այնպիսի սպառնալիքի տակ է, ինչպիսին վաղուց չէր եղել։ Ուստի մենք պետք է շարունակենք ամրապնդել Բունդեսվերը։ Եթե մեր ժողովրդավարությունը կարևոր է մեզ համար, մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանել այն։ Հենց այդ պատճառով էլ հստակ է՝ մեզ կրկին անհրաժեշտ է լիարժեք զորակոչային համակարգ», — գրել է Զյոդերը X սոցիալական ցանցում։
Նրա դիրքորոշումը տարբերվում է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) ներկայացնող՝ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի մոտեցումից։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ զինվորական ծառայության արդիականացման մասին օրենքը հիմնված է կամավոր հավաքագրման վրա և արդեն արդյունքներ է տալիս։
«Այս պահին Բունդեսվերում ծառայում է շուրջ 190 հազար զինծառայող. սա վերջին 13 տարվա ամենաբարձր ցուցանիշն է։ Եթե միտումը պահպանվի, բանակի ընդլայնման հարցում խնդիրներ չենք ունենա։ Այդ դեպքում պարտադիր զինվորական ծառայությունը քննարկելու անհրաժեշտություն չի առաջանա՝ անկախ նրանից, թե այն ինչ ձևաչափ կունենա», — ասել է Պիստորիուսը Funke մեդիախմբի հարցազրույցում։
Զյոդերի ՔՍՄ-ն և նրա դաշնակից կուսակցությունը՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ), ԳՍԴԿ-ի հետ միասին ընդգրկված են դաշնային իշխող կոալիցիայում։ Մինչև զինված ուժերի թվաքանակի ավելացման թիրախային ցուցանիշների շուրջ համաձայնության գալը կուսակցությունները բազմիցս վիճել են զինվորական ծառայության մոդելի շուրջ, գրել է dpa-ն։
Պաշտպանության նախարարությունը պարտավոր է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ խորհրդարան հաշվետվություն ներկայացնել ծրագրի կատարման մասին։ Եթե նախատեսված ցուցանիշները չապահովվեն, Բունդեսթագը կկարողանա որոշում ընդունել այսպես կոչված ըստ անհրաժեշտության զորակոչի ներդրման մասին։




























