«Մայակ» ռադիոկայանի հաղորդավար Սերգեյ Ասլանյանի դեմ հարձակումը Ալլահի աստվածային կամքի դրսեւորումն էր: Այդ մասին «Կոմերսանտ-FM»-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայի մզկիթի իմամ Իլդար Ալյաուտդինովը:

«Կարծում եմ` պարզապես երկնային Տերը ինչ-ինչ մարդկանց ձեռքով պատժել է այդ մարդուն»,- ասել է իմամը: Ընդ որում, նա նաեւ նշել է, թե հարձակումը մահմեդական չի կատարել եւ կապված չէ լրագրողի արտահայտությունների հետ:

Միեւնույն ժամանակ Ասլանյանը հայտնել էր, որ հարձակվողը բղավել է. «Դու Ալլահի թշնամին ես»:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, մայիսի 14-ին եթերում լրագրողը արտահայտություն էր արել Մուհամեդ մարգարեի մասին` օգտագործելով «կեղտից իշխան» արտահայտությունից:

Ասլանյանը Մուհամեդին գործարար էր անվանել, որ արտագրել է Աստվածաշունչը, եւ «այժմ բոլորը գիտեն, որ Մուհամեդը ոչ թե շուկայի մանր առեւտրական է, այլ խոշոր քաղաքական գործիչ»:

Նրա արտահայտությունները հարուցել էին մահմեդականների բուռն դժգոհությունը: Այժմ լրագրողի հարազատները վախենում են նրա կյանքի համար եւ հիվանդանոցում նրան հսկում են ոստիկանները: