«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձեւերի ասոցիացիան ամփոփել են մայիսի 25-ին Երեւանում անցկացված Drag-Racing անվանակարգի Big Race 2012-ի արդյունքները:
Ավտոմրցավազքին մասնակցել են վարորդներ Հայաստանից, Բելգիայից, Վրաստանից, Իրանից եւ Ուկրանիայից: Հարավային Կովկասում ավտոսպորտի պատմության մեջ առաջին անգամ միմյանց հետ մրցում էին ոչ միայն մարդատար այլ նաեւ բեռնատար մեքենաներ:
Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցել են ավտոմեքենաների, մոտոցիկլետների եւ բեռնատար մեքենաների շուրջ 200 վարորդ, իսկ մրցումներին հետեւեցին hազարավոր երկրպագուներ եւ հանդիսատես Հայաստանի տարբեր մարզերից:
Big Race 2012 ավտոմրցավազքում մրցանակային տեղերը բաշխվել են հետեւյալ կերպ` «Class A» դասում հաղթել է Սերգեյ Արջվանիձեն «ՎԱԶ-21074» մեքենայով, «Class B» դասում լավագույնն է ճանաչվել Ասպուրակ Չոփիկյանը BMW-320 մեքենայով: Նույն մակնիշի մեքենայով հանդես եկող Հայրապետյան Գեւորգը հաղթող է ճանաչվել «Class C» դասում, իսկ «Class D» եւ «Class Е» դասերում` Մկրտչյան Գառնիկը (Mercedes-Benz 190D) եւ Հակոբյան Դավիթը (BMW X6M) համապատասխանաբար:
Հատուկ մրցանակի է արժանացել միակ կին վարորդը` բելգիացի Պեպա Ալեքսանդրովան, ով ավտոմրցավազքին մասնակցում էր Mercedes Actros մակնիշի բեռնատար մեքենայով:
«Big Race 2012 ավտոմրցավազքը «ԱրմենՏել» ընկերության եւ «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձեւերի ասոցիացիայի հաջող համգործակցության եւս մեկ օրիանակ է: Ավտոմրցավազքը դարձել է իսկապես զանգվածային միջոցառում. բոլոր ցանկացողները, կարող էին մասնակցության հայտ ներկայացնել եւ փորձել իրենց ուժերը ավտոմրցավազքում: Էքստրեմալ սպորտաձեւերի տարբեր անվանակարգերում անցկացվող մրցույթները նպատակ ունեն բարձրացնելու երկրի վարկանիշը տարբեր միջազգային մրցություններում` դարձնելով այս սպորտաձեւը ավելի մասսայական: Մենք համոզված ենք, որ կարողացանք նվիրել ավտոսպորտի սիրահար երեւանցիներին եւս մեկ օր լեցուն դրական զգացմունքներով եւ վառ տպավորություւներով», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանն ասել է. «Drag Racing-ն ավտոսպորտի այն ուղղություն է, որը մեծ տարածում ունի հատկապես երիտասարդության շրջանակում: Մենք շատ ենք կարեւորում նման միջոցառումների կազմակերպումը Հայաստանում, քանի որ դա թույլ է տալիս սիրողական մակարդակից եւս մեկ քայլ անել դեպի պրոֆեսիոնալ ավտոսպորտ: Հուսանք, որ նման միջոցառումներն ուղի կհարթեն հայ ավտոմրցարշավորդների համար ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում»:
Big Race 2012 ավտոմրցավազքը կազմակերպել է էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան, «ԱրմենՏել» ընկերության հովանավորությամբ: Փառատոնի անցկացմանն աջակցել են նաեւ ՎՏԱ բանկը, մարզպետարանը, Flash, Apaven եւ NakOil ընկերությունները:



























