Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հարեդիմ ուլտրաօրթոդոքս համայնքի 285 երիտասարդ տղամարդ ծառայության է անցել Իսրայելի բանակում, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ)։
Նորակոչիկներին բաշխել են մարտական ապահովման ստորաբաժանումների միջև։ Նոյեմբերին և դեկտեմբերին նախատեսված են ուլտրաօրթոդոքս տղամարդկանց զորակոչի լրացուցիչ օրեր, այդ թվում՝ մարտական ստորաբաժանումներում պաշտոններ զբաղեցնելու համար։
ՑԱՀԱԼ-ի տվյալներով, զորամասերն ու զորակոչային կետերը պատրաստվել են նորակոչիկների ընդունմանը և նրանց կենսակերպի առանձնահատկությունները հաշվի առնող պայմանների ստեղծմանը։
Բանակը հայտարարել է, որ մտադիր է ընդլայնել ուլտրաօրթոդոքս տղամարդկանց ներգրավումը զինվորական ծառայության մեջ՝ միաժամանակ պահպանելով նրանց կրոնական կենսակարգը։ ՑԱՀԱԼ-ում ընդգծել են, որ խոսքը լիարժեք ծառայության մեջ նրանց ներգրավելու մասին է՝ ի շահ երկրի անվտանգության և իսրայելական հասարակության կայունության։
Հարեդիմներին զինվորական ծառայությունից ազատելու հարցը շարունակում է մնալ Իսրայելում քաղաքական և հասարակական լարվածության հիմնական աղբյուրներից մեկը, գրում է The Times of Israel-ը։
Մի քանի ուղղություններով տարիներ շարունակ ընթացող մարտական գործողությունների ֆոնին բանակը բազմիցս հայտարարել է անձնակազմի պակասի մասին։ Միաժամանակ դժգոհությունն աճում է պարտադիր զինվորական և պահեստազորային ծառայություն անցնող իսրայելցիների շրջանում։
ՑԱՀԱԼ-ը հատուկ ծրագրեր է ստեղծել կրոնասեր նորակոչիկների ինտեգրման համար, սակայն համայնքի շատ ներկայացուցիչներ շարունակում են դեմ արտահայտվել զորակոչին։ Համայնքի առաջնորդները ձգտում են հասնել այնպիսի օրենքի ընդունմանը, որը կպահպանի տասնամյակներ շարունակ գործող՝ զինվորական ծառայությունից ազատման լայն հնարավորությունները։





























