Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ողջ հայ բնակչությունից զրկված Արցախի օկուպացիայի վեցերորդ տարելիցին, որը Բաքուն անվանում է «Հաղթանակի օր», հանդես է եկել հերթական ռազմատենչ հայտարարություններով։
«Նրանք, ովքեր նստած էին այս շենքում (Ստեփանակերտի նախկին գործադիր իշխանության շենքը՝ խմբ.), ռազմական հանցագործներ են, որոնք արժանի պատիժ են կրել», - հայտարարել է նա։
«Նրանք ուզում էին տանկերով գալ Բաքու, ուզում էին թեյ խմել Բաքվում։ Նրանք մեծամիտ հայտարարություններ էին անում, քանի որ վայելում էին որոշ ուժերի հովանավորությունը և կարծում էին, թե հավերժ օկուպացիոն քաղաքականություն են վարելու։ Բայց մենք նրանց ցույց տվեցինք, թե ով ով է», – հավելել է Ալիևը։
Նա նաև խոսել է «ադրբեջանականության գաղափարախոսության» մասին, որն, ըստ նրա, իր երկիրն առաջ է տանում։
Իր հայտարարության մեջ Ադրբեջանի նախագահը, որի օրոք ո՛չ իր երկրի տարածքում, ո՛չ էլ օկուպացված Արցախում հայեր չեն մնացել, և ոչնչացվում են հայկական քրիստոնեական մշակութային ու պատմական հուշարձանները, պնդում է, թե իր երկրում «բոլոր կրոնների ներկայացուցիչներն ապրում են մեկ ընտանիքի պես»։





























