Երեւանի «Էլեկտրոն» գործարանում, այսօր` մայիսի 29-ին, տեղի ունեցած պայթյունի վայր են ժամանել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Դեպքի վայրից NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին դեպքի վայրում հավաքված են այդ թաղամասի բնակիչները, մի շարք լրագրողներ, սակայն դեռ ոչ ոք ինֆորմացիա չի տրամադրում:
Շտապօգնություն ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը պայթյունի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չի տրմադրել լրագրողներին, միայն նշել է, որ տուժողներից մեկին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բնակիչները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ 3 պայթյուն են լսել, ինչից հետո «Էլեկտրոն» գործարանի արտադրամասի շենքը փլվել է: Բնակիչները շրջանում խոսակցություններ են շրջանառվում, թե քանի մարդ է եղել ներսում, քանի տուժող կա, բայց դեռ պաշտոնական տեղեկություն չկա: Լրագրողները սպասում են, որ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը դուրս գա եւ կարողանան նրանից ինչ-որ բան իմանալ:
Դեպքի վայր է ժամանել մի երիտասարդ, ով շատ հուզված էր եւ դժվարությամբ ներս մտավ ասելով, թե. «Հերս մեջն ա»:










































