Ուկրաինային ֆինանսական աջակցության հետ կապված՝ Եվրամիության համատեղ փոխառությունների ընդհանուր ծավալը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն։ Բրյուսելը, հավանաբար, ստիպված կլինի ներգրավել ևս ավելի քան 40 մլրդ եվրոյի վարկային միջոցներ՝ ի հավելումն Կիևին արդեն փոխանցված 166 մլրդ եվրոյի, գրում է Welt am Sonntag թերթը՝ հիմնվելով սեփական հաշվարկների և Եվրահանձնաժողովի տվյալների վրա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ երկրին լրացուցիչ 70 մլրդ եվրո է անհրաժեշտ։ Ներկայիս ծրագրերի համաձայն, այդ գումարից 46 մլրդ եվրոն պետք է տրամադրի Եվրամիությունը։ Միջոցներն անհրաժեշտ են Ուկրաինայի բյուջեի աճող պակասուրդի և երկրի տնտեսական հեռանկարների վատթարացման պայմաններում։
Ֆինանսավորման աղբյուրներից մեկը պետք է դառնան Եվրոպայում գտնվող՝ սառեցված ռուսաստանյան ակտիվներից ստացվող եկամուտները։ Սակայն այդ միջոցները բավարար չեն Կիևի կարիքները հոգալու համար։ Եվրահանձնաժողովի տվյալներով, վերջին ավելի քան երկու տարվա ընթացքում Ուկրաինան նման մուտքերից ստացել է մոտ 8 մլրդ եվրո։ Սառեցված ակտիվներից ստացվող եկամուտները կազմում են տարեկան մոտ 4 մլրդ եվրո, մինչդեռ միայն ԵՄ-ի նախատեսվող լրացուցիչ ներդրումը հասնում է 46 մլրդ եվրոյի։
Միևնույն ժամանակ, ռուսաստանյան ակտիվների բուն մայր գումարի օգտագործումը շարունակում է իրավական առումով վիճելի հարց մնալ։ Ուստի նոր համատեղ վարկերի ներգրավումը դիտարկվում է որպես Ուկրաինայի հետագա ֆինանսավորման ամենահավանական տարբերակներից մեկը։
Նոր բազմամիլիարդանոց պարտավորությունների հեռանկարը տարաձայնություններ է առաջացնում Եվրոպայում։ Գերմանական «Ձախեր» կուսակցության ներկայացուցիչ Դիտմար Բարչը հայտարարել է, որ եվրոպացի քաղաքացիները չպետք է վճարեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի համար՝ սոցիալական ծախսերի կրճատման հաշվին։ Նա Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին և Եվրամիությանը կոչ է արել ավելի ակտիվ մասնակցել խաղաղ բանակցություններին։
Միևնույն ժամանակ, Գերմանիայի տնտեսական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Մարսել Ֆրատցշերը հանդես է եկել ի պաշտպանություն համատեղ եվրոպական պարտատոմսերի։ Նրա կարծիքով, երկարաժամկետ հեռանկարում նման փոխառությունները պետք է ապահովվեն ընդհանուր հարկային մուտքերով։
ԵՄ-ն արդեն օգտվել է համատեղ փոխառություններից՝ Ուկրաինային օգնությունը ֆինանսավորելու համար, այդ թվում՝ մակրոֆինանսական աջակցության ծրագրերի և Ukraine Facility-ի միջոցով։ Այժմ եվրոպական իշխանությունները պետք է որոշեն, թե ինչպես բավարարել Կիևի՝ միջոցների լրացուցիչ կարիքը՝ առանց սառեցված ռուսաստանյան ակտիվների մայր գումարի ուղղակի օգտագործման դիմելու։





























