Ավստրալիայից, Գերմանիայից եւ Ֆրանսիայից հետո Սիրիայի դեսպաններին արտաքսելու որոշումներ են կայացրել նաեւ Մեծ Բրիտանիան, Իտալիան, Իսպանիան եւ Կանադան: Պատճառը Սիրիայի Հուլա գյուղում տեղի ունեցած սպանդն է:

Բրիտանիայի իշխանությունները որոշել են երկրից արտաքսել Սիրիայի դեսպանատան երեք աշխատակիցների, հայտնում են այդ երկրի ԱԳՆ ներկայացուցիչները:

Հռոմում Սիրիայի դեսպան Հադուր Հասանին այսօր մայիսի 29-ին կանչել են Իտալիայի ԱԳՆ, որտեղ նրան հայտարարվել է, որ նա «պերսոնա նոն-գրատա» է եւ պետք է լքի երկիրը:

«Այդ քայլը համաձայնեցած է այլ եվրոպական գործընկերների հետ եւ տարածվում է դեսպանատան մի քանի աշխատակիցների վրա»,-նշվում է Իտալիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Կանադան, իր հերթին, հայտարարել է երեք սիրիացի դիվանագետների արտաքսման մասին, ովքեր դեռ մնացել էին Կանադայում, այս տարվա մարտին Օտտավայի եւ Դամասկոսի հարաբերությունների լարումից հետո: Այս մասին հայտնել է Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդը:

Իսպանիայի իշխանությունները նույնպես որոշել են երկրից արտաքսել Սիրիայի դեսպանին` Հուլայում տեղի ունեցածի պատճառով, որտեղ նախորդ շաբաթ սպանդի էին ենթարկել շուրջ 100 խաղաղ բնակիչների: