Ադրբեջանը վերջին տարիներին փորձում է ամեն կերպ ներկայանալ որպես տարածաշրջանում Արեւմուտքի շահերի պաշտպան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, մեկնաբանելով արտերկրյա մամուլում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, որ Սիրիայի ապստամբները զենք են ստանում այդ թվում նաեւ Ադրբեջանից:

Փորձագետի խոսքով` Արեւմուտքին դուր գալու քաղաքականության ապացույցներ Իրանի հետ հարաբերությունների վատթարացումն ու անչափ մեծ վարձի չափը Գաբալինի ՌԼԿ-ի համար, որը գանձվում է Ռուսաստանից: «Այդ փորձերը կապված են Ալիեւների կլանի լեգիտիմացման հետ: Այդ համատեքստում, չի բացառվում օգնությունը նաեւ Սիրիայի ապստամբներին, որպեսզի դուր գան Արեւմուտքին եւ ցույց տան իրենց արեւմտյան ուղղվածությունը: Հաշվի առնելով Ադրբեջանի ու Իսրայելի սերտ կապերը` դա տրամաբանական է»,- նշեց Ջամալյանը: Փորձագետը հիշեցրեց, որ ավելի վաղ Ալիեւների կլանը գնում էր իր լեգիտիմությունը էներգակրիչներով: Սակայն հիմա, բնական պաշարների նվազման պայմաններում պետք է արեւմտյան գործընկերների բարյացկամությունը ստանալու նոր միջոց: «Ինչպե՞ս ստիպել Արեւմուտքին աչք փակել Ալիեւների գործողություններին: Անհրաժեշտ են այլընտրանքային ճանապարհներ: Դա  (զենքի մատակարարումը- խմբ.) կարող է լինել դրանցից մեկը»,- նշեց փորձագետը: