Գերմանիայի հարավում կանոնավոր երթուղով ընթացող ավտոբուսը բախվել է ուղտի, որը երկու այլ կենդանիների հետ փախել էր ցանկապատված արոտավայրից, հայտնում է dpa-ն։

Ուղտը չի տուժել, սակայն ավտոբուսը վնասվել է, կիրակի հայտնել է ոստիկանությունը։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան՝ ժամը 8:00-ի սահմաններում, Մյունխենից հարավարևելք գտնվող Ռիդերինգ քաղաքի գյուղական ճանապարհներից մեկում։ Ոստիկանության տվյալներով, երեք ուղտ դուրս էին եկել փարախից և հայտնվել ճանապարհի երթևեկելի մասում։ Նրանցից մեկը հայտնվել է ավտոբուսի հարվածի տակ։

Կենդանին վնասվածքներ չի ստացել և վերադարձվել է տերերին՝ շրջիկ տոնավաճառներ կազմակերպող ընկերությանը։

Ավտոբուսի բախտն ավելի քիչ է բերել․ դրա դիմապակին կոտրվել է, իսկ կողային հայելին՝ վնասվել։ Վնասը գնահատվում է մոտ 500 եվրո։

Ոստիկանության նախնական վարկածով, ուղտերը կարող էին փախչել այն պատճառով, որ արոտավայրի էլեկտրական ցանկապատը պատշաճ կերպով տեղադրված չէր։