Ամստերդամում առնվազն 200 հազար մարդ է մասնակցել «Կարմիր գիծ» ցույցին, որի մասնակիցները Նիդերլանդների կառավարությունից պահանջում են ուժեղացնել ճնշումն Իսրայելի վրա՝ պաղեստինցիների նկատմամբ բռնությունների պատճառով։ Այս մասին հայտնում է NOS-ը՝ վկայակոչելով ակցիայի կազմակերպիչներին։
Ցուցարարներից շատերը եկել էին կարմիր հագուստով և կրում էին կարմիր ու պաղեստինյան դրոշներ։ Պաստառներին գրված էին «Սիոնիզմը ռասիզմ է», «Ո՛չ Նիդերլանդների կողմից ապարտեիդի աջակցությանը» և «Ազատությո՛ւն Պաղեստինին» կարգախոսները։
Մասնակիցները երկրի նախարարների կաբինետից պահանջում են ուժեղացնել քաղաքական, տնտեսական և դիվանագիտական ճնշումն Իսրայելի վրա՝ հասնելու, իրենց բնորոշմամբ, Պաղեստինի ապօրինի օկուպացիայի վերջնական դադարեցմանը։
«Ես շարունակում եմ կարծել, որ Նիդերլանդները սխալ են վարվում։ Արդեն երրորդ անգամ եմ մասնակցում երթին։ Հնարավոր է՝ սա քիչ բան փոխի, բայց սա միակ բանն է, որ կարելի է անել», — պատմել է ցույցի մասնակից կանանցից մեկը։
Երթը մեկնարկել է և կավարտվի Մյուզեյնպլեյն հրապարակում։ Դրա երթուղին անցնում է Վոնդելի զբոսայգու շուրջը։ Ակցիային միացել են նաև նախկին քաղաքական գործիչներ Յոբ Քոհենը և Յոսիաս վան Արտսենը։
Մյուզեյնպլեյնում մեծ բեմ է տեղադրվել, որտեղից ելույթ են ունենում հասարակական գործիչներ։ Նրանց թվում են նախկին նախարար Լիլիաննա Պլումենը, Գազայից լրագրող Ամալ Հելեսը և պաղեստինցի ակտիվիստ Օմար Բարգուտին։
Ցույցն անցկացվում է չորրորդ անգամ։ Այս անգամ այն կազմակերպում են 13 կազմակերպություններ, այդ թվում՝ Amnesty International-ը, Oxfam Novib-ը և Save the Children-ը։
Անցյալ տարվա հոկտեմբերին Ամստերդամում անցկացված նախորդ ակցիային, կազմակերպիչների գնահատմամբ, մասնակցել է շուրջ 250 հազար մարդ։
Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենը, որն անցյալ տարվա մայիսին ցույցին մասնակցել էր որպես D66 կուսակցության առաջնորդ, այս անգամ որոշել է չգալ։ Նա դա բացատրել է նրանով, որ այժմ «այլ դերում» է։
Լինելով կուսակցության առաջնորդ՝ Յետենը Գազայում տեղի ունեցողն անվանում էր ցեղասպանություն։ Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո նա դադարել է օգտագործել այդ եզրույթը։ Ի պատասխան քննադատության՝ նա հայտարարել է, որ կառավարությունը պարտավոր է անել հնարավոր ամեն ինչ՝ հակամարտության հետագա սրումը կանխելու համար։





























