Կրասնոյարսկի Սվերդլովսկի շրջանում ոստիկանները կրակելով սպանել են բնակելի տների մոտ հայտնված և մարդկանց համար վտանգ ներկայացնող արջին։ Կենդանին մռնչում էր, նպատակաուղղված մոտենում քաղաքացիներին և քիչ էր մնում հոշոտեր թափառող շանը, հայտնում է Կրասնոյարսկի երկրամասում Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Ոստիկանները Կոլխոզնայա փողոց են ժամանել տեղի բնակիչների ահազանգից հետո։ Տեղում նրանք գիշատչին հայտնաբերել են 2-րդ Բորովայա փողոցի տներից մեկի մոտ։

«Գիշատիչն իրեն ագրեսիվ էր պահում և սկսեց նպատակաուղղված շարժվել դեպի ոստիկաններն ու մոտակայքում գտնվող քաղաքացիները», — ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ոստիկանները գնդակահարել են արջին, քանի որ նրա վարքն անմիջական սպառնալիք էր ներկայացնում մարդկանց անվտանգության համար։

Ռուսաստանում հաճախակիացել են բնակավայրերի մոտ արջերի հայտնվելու դեպքերը, այդ թվում՝ Սիբիրում և Հեռավոր Արևելքում։

ТАСС-ի հաշվարկներով, 2026 թվականի սկզբից այս կենդանիների հարձակումների հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել։ Մահվան ելքով ամենաշատ դեպքերը՝ 9, գրանցվել են Կրասնոդարի երկրամասում։

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Պատրուշևի տվյալներով, վերջին 30 տարում երկրում գորշ արջերի թվաքանակն ավելի քան կրկնապատկվել է։ Ներկայումս այն գերազանցում է 300 հազարը։