Եգիպտոսի Գիզայի նահանգում երկու մարդատար գնացքների բախման հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս 88-ը՝ վիրավորվել։ Այս նախնական տվյալները ներկայացրել է երկրի առողջապահության նախարարությունը, հաղորդում է Nile գործակալությունը։

Վթարը տեղի է ունեցել կիրակի՝ նոյեմբերի 8-ին, Էլ Այյաթի շրջանում՝ Կաֆր Ամմար և Էր Ռաքքա կայարանների միջև՝ Կահիրե–Ասուան երկաթուղային գծում։ Եգիպտոսի երկաթուղիների ազգային վարչության տվյալներով, Գիզայից Էլ Ֆայում ուղևորվող «Թահյա Մասր» թիվ 134 գնացքը բախվել է Կահիրեից Ասուան ուղևորվող թիվ 2010 գնացքի հետնամասին։ Մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից։

Դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության 72 մեքենա։ Տուժածներին տեղափոխել են Էլ Վաստայի, Էլ Այյաթի և Էտֆիհի հիվանդանոցներ։ Առողջապահության նախարարության տեղեկություններով, 49 մարդ հոսպիտալացվել է Էլ Վաստայում, 29-ը՝ Էլ Այյաթում, ևս 10-ը՝ Էտֆիհում։ Չորս զոհերի մարմինները հայտնաբերվել են վթարի վայրում և բուժհաստատություններում։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին կարգադրել է տուժածներին ապահովել անհրաժեշտ բժշկական օգնությամբ և օպերատիվորեն հետաքննել վթարի պատճառները։ Նա նաև պահանջել է պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ում մեղքը տեղի ունեցածում կհաստատվի։

Երկաթուղային ծառայությունները բախման վայր են ուղարկել վթարային բրիգադներ և ծանր տեխնիկա՝ գծերը մաքրելու համար։ Տվյալ հատվածում գնացքների երթևեկությունը խաթարվել է։ Իշխանությունները կազմակերպել են ուղևորների տեղափոխումն այլընտրանքային տրանսպորտով։