Սենեգալի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավի խորտակման հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը։
Սենեգալի ներքին գործերի նախարարության տվյալներով, շաբաթ երեկոյան փրկարարներին հաջողվել է մեկ փրկվածի հայտնաբերել։ Որոնողական գործողությանը լրացուցիչ ուժեր են ներգրավվել, որոնք շարունակում են հնարավոր փրկվածների որոնումները։ Թե քանի մարդ է եղել նավում, առայժմ հայտնի չէ։
Նավը խորտակվել է Սենեգալի մայրաքաղաք Դաքարից հյուսիս գտնվող Կեբեմեր քաղաքի ափերի մոտ։ Երկրի ներքին գործերի նախարարը երկուշաբթի կայցելի դեպքի վայր։
Արևմտյան Աֆրիկայից Ատլանտյան օվկիանոսով դեպի Իսպանիայի Կանարյան կղզիներ տանող ուղին շարունակում է մնալ աշխարհի ամենավտանգավոր միգրացիոն երթուղիներից մեկը։ Իսպանական Walking Borders իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, միայն 2026 թվականի առաջին հինգ ամիսներին այդ երթուղում առնվազն 635 մարդ է զոհվել։ Այսպիսով, այդ ժամանակահատվածում Կանարյան կղզիներ հասած յուրաքանչյուր 100 միգրանտի հաշվով մոտ 21 մարդ է զոհվել։
Հուլիսին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտնել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում գրեթե 150 մարդ է զոհվել կամ անհետ կորել Մավրիտանիայի ափերի մոտ դեպի Եվրոպա ուղևորվող միգրանտներ տեղափոխող նավակների խորտակման հետևանքով։ Այն ժամանակ հաջողվել էր փրկել մոտ 400 մարդու։
2026 թվականի Ամանորի նախօրեին Գամբիայի ափերի մոտ նավ էր խորտակվել, որում ավելի քան 200 միգրանտ կար։ Կարմիր խաչի ներկայացուցիչները հայտնել էին 44 դիակի հայտնաբերման մասին։





























