Բեռլինում 22-ամյա տղամարդը Ռայխստագի շենքի առջև գտնվող դրոշաձողից իջեցրել է Գերմանիայի դրոշը և այն փոխարինել պաղեստինյան դրոշով, հայտնում է DW-ն։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11։30-ի սահմաններում։ Իրավապահ մարմինների տվյալներով, տղամարդը դրոշաձողը բարձրանալու համար օգտվել է լեռնագնացության հանդերձանքից, ապա Գերմանիայի դրոշը նետել գետնին։

Այնուհետև նա ինքնուրույն իջել է, և ոստիկանությունը նրան բերման է ենթարկել։ Իրավապահ մարմինների տվյալներով, նրան օգնել են ևս երկու տղամարդ՝ 20 և 32 տարեկան։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պետության և դրա խորհրդանիշների անարգման, պետական գույքը վնասելու և ապօրինի ներթափանցման կասկածանքով։

Պաղեստինյան դրոշն իջեցվել է հրշեջ ծառայության աջակցությամբ։

Բարձրացման մեխանիզմի ճոպանի վնասման պատճառով չի հաջողվել Գերմանիայի դրոշն անմիջապես վերադարձնել իր տեղը։

Ռայխստագի շենքը Բունդեսթագի՝ Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի նստավայրն է։ Շենքի առջև տեղադրված Գերմանիայի մեծ դրոշը հայտնի է որպես «Միասնության դրոշ»։ Այն խորհրդանշում է 1990 թվականին Գերմանիայի վերամիավորումը։