Եգիպտոսի Գիզայի նահանգի Էլ Այաթ շրջանում երկու գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի։ Զոհերի թվում է գնացքներից մեկի մեքենավարը։ Եվս 114 մարդ վիրավորվել է։ Եգիպտոսի գլխավոր դատախազությունը սկսել է վթարի հանգամանքների քննությունը, հայտնում է Masrawy պարբերականը։

Քննության նախնական տվյալներով, Գիզա–Ֆայում երթուղով ընթացող թիվ 134 գնացքը բախվել է Կահիրեից Ասուան ուղևորվող թիվ 2010 գնացքի վերջին վագոնին։ Վերջինս կանգնած է եղել նույն ուղղության երկաթուղու վրա։

Դեպքի վայր է մեկնել Հարավային Գիզայի նահանգի գլխավոր դատախազի առաջին օգնականը՝ գերատեսչության աշխատակիցների խմբի հետ։ Մյուս քննիչներն այցելել են Էլ Այաթի, Աթֆիհի և Էլ Վաստայի շրջանների հիվանդանոցներ՝ տուժածներին հարցաքննելու և զոհերի մարմինները զննելու համար։

Վթարի պատճառները պարզելու համար դատախազությունը կարգադրել է ստեղծել մասնագիտացված տեխնիկական հանձնաժողով։ Փորձագետները պետք է ուսումնասիրեն բախման վայրը, վնասված վագոններն ու երկաթգծերը, պարզեն մի քանի վագոնների՝ ռելսերից դուրս գալու պատճառները և ստուգեն՝ արդյոք պահպանվել են երկաթուղու շահագործման կանոններն ու անվտանգության պահանջները։

Քննությունը շարունակվում է։ Իշխանությունները ճշտում են զոհերի և տուժածների վերջնական թիվը, գնահատում վնասվածքներն ու նյութական վնասը։ Քննությունը պետք է նաև պարզի միջադեպի պատճառները և որոշի վթարի համար պատասխանատուներին։