Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, զոհվել են, երբ ավտոմեքենան Բարա Մանսա համայնքի գյուղական հատվածում դուրս է եկել ճանապարհից և ընկել լիճը։ Զոհերի թվում կարող էր լինել նորածին աղջիկ, հայտնում է AFP-ն։

Վթարը տեղի է ունեցել կիրակի՝ նոյեմբերի 8-ի վաղ առավոտյան։ Պատահական անցորդը նկատել է ջրասույզ եղած մեքենան և պատահարի մասին հայտնել արտակարգ ծառայություններին։

«Ավտոմեքենայից դուրս բերելու պահին այնտեղ գտնվող բոլոր մարդիկ արդեն մահացած էին», — ասվում է Ռիո դե Ժանեյրո նահանգի կառավարության հայտարարության մեջ։

Պաշտոնական տվյալներով, զոհվել է հինգ մեծահասակ և հինգ երեխա։ Հրշեջները երկու ջրասուզակների օգնությամբ ջրասույզ եղած ավտոմեքենայից դուրս են բերել մարմինները։ Զոհերի ինքնությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։

Ինչպես հայտնում է բրազիլական G1 պորտալը՝ վկայակոչելով հարազատներից մեկին, բոլոր զոհերը նույն ընտանիքի անդամներ էին։ Տեղական որոշ լրատվամիջոցներ գրում են, որ զոհերի թվում նորածին աղջիկ է եղել, սակայն այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։

Իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես դժբախտ պատահար։ Ոստիկանությունը հետաքննում է պատահարի հանգամանքները։

Նախօրեին տարածաշրջանում հորդառատ անձրևներ են տեղացել, որոնք հանգեցրել են փողոցների ջրածածկմանը, այդ թվում՝ Ռիո դե Ժանեյրոյի զբոսաշրջային շրջաններում, օրինակ՝ Կոպակաբանայում։ Իշխանությունները դեռ չեն հայտնել՝ արդյոք եղանակային պայմանները կարող էին վթարի պատճառ լինել։