ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ առաջիկա բանակցություններում հնարավոր է առաջընթաց գրանցել։

«Հնարավոր է՝ վաղը Աբու Դաբիում, երբ այնտեղ կլինեն Ջարեդ Քուշները և Սթիվը (Ուիթքոֆը՝ Ինտերֆաքս), հաջողվի որոշակի առաջընթացի հասնել», - լրագրողներին հայտարարել է Ռուբիոն։

Նա նշել է, որ Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության երաշխիքների հարցի քննարկումը սկսելու համար անհրաժեշտ է «հաղթահարել հակամարտությունը»։

«Այս ամբողջ ընթացքում, երբ մենք խոսում էինք ռուս-ուկրաինական հարաբերությունների մասին, մշտապես բարձրացվում էր անվտանգության երաշխիքների անհրաժեշտության հարցը։ Թե ինչպիսին կլինի Ուկրաինայի, իսկ ավելի լայն իմաստով՝ Եվրոպական մայրցամաքի հետպատերազմյան անվտանգության ենթակառուցվածքը», - ասել է Ռուբիոն։

ԱՄՆ պետքարտուղարը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունները՝ ենթադրելով, որ «նախագահն ակնարկում է, որ որոշակի հաջողություններ են գրանցվել այն հարցում, թե ինչպիսին կարող է լինել այդ ճարտարապետությունը հետհակամարտային շրջանում»։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր. «Մենք շատ լավ ենք աշխատում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Մենք մեծ առաջընթաց ենք գրանցում»։

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում (ԱՄԷ)։