Իտալական Sky TG24 հեռուստաալիքը` վկայակոչելով երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը, ճշտված տվյալներ է հաղորդել Իտալիայի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի մասին: Ըստ այդմ, զոհվել է 13 մարդ, տուժել է մոտ 100 մարդ:
Ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհի մասին:
Քաղպաշտպանության ծառայության պետ Դեմետրիո Էջիդիոյի խոսքով, ամենից ուժեղ երկրաշարժն զգացվել է Մեդենայում եւ Բոլոնիայում: Տարերային աղետի հետեւանքով բազմաթիվ շենքեր են փլվել, հարյուրավոր մարդիկ տարհանվել են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իտալիայի հյուսիսում, այսօր` մայիսի 29-ին, նոր ուժեղ երկրաշարժ է գրանցվել: 5,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով 10:00-ին), հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Տարերային աղետի էպիկենտրոնը գտնվել է Մեդոլա քաղաքից 3 կմ հեռավորության վրա, հիպոկենտրոնը եղել է 9,6 կմ խորության վրա: Ստորերկրյա ցնցումների հետեւանքով առնվազն մեկ մարդ մահացել է, կան վիրավորներ: Միրանդոլա քաղաքում փլատակների տակ են հայտնվել 4 բանվորներ, որոնց փորձում են փրկել:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», նույն օրը ժամը 12:56-ին (Երեւանի ժամանակով 14:56-ին), 5,3 մագնիտուդով ուժեղ հետցնցում է գրանցվել: Բառացիորեն մի քանի րոպե անց արձանագրվել է եւս մեկ հետցնցում` 5,1 մագնիտուդով:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին, 6 բալ ուժգնության երկրաշարժերի շարք էր տեղի ունեցել Իտալիայի հյուսիսում, որոնց հետեւանքով շենքեր էին փլվել: 7 մարդ զոհվել էր, առնվազն 50 մարդ` վիրավորվել: Ընդ որում 3 մարդ մահացել է սրտի անբավարարությունից:











