Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:40-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին, հաղորդում է Shamshyan.com—ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։
Վրաերթից հետո «Mercedes»-ը բախվել է ճանապարհին տեղադրված ցուցանակին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ դաշտամիջյան հատվածում։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի, մահացածի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կայքը հայտնում է, որ ճանապարհը եղել է մերկասառույց։




























