Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները նախատեսում են ներկա լինել Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցություններին։ Այս մասին նոյեմբերի 9-ին հայտնել է Politico թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ «եվրոպական եռյակը» ներկայացված կլինի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների մակարդակով։ Անանուն գերմանացի պաշտոնյան հայտնել է, որ Աբու Դաբիում հանդիպումը կլինի մեկնարկային, դրան կհաջորդի ևս մեկը, իսկ եվրոպական ներկայացուցիչների մասնակցության վերջնական ձևաչափը կորոշվի բանակցությունների առաջընթացին զուգահեռ։

Նա նաև ընդգծել է, որ խորհրդականները, ամենայն հավանականությամբ, անմիջականորեն չեն մասնակցի բանակցություններին, այլ պարզապես կգտնվեն մոտակայքում։