Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոն, որը կալանքի տակ է Բրուքլինում, ազատ ժամանակն անցկացնում է կրոնական տեքստեր կարդալով և փիլիսոփայություն ուսումնասիրելով։ Այս մասին նոյեմբերի 9-ին հայտնել է The New York Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ Մադուրոն կարդում է Աստվածաշունչն ու Ղուրանը, ինչպես նաև հանդիպում բանտի հոգևոր սպասավորների, այդ թվում՝ քահանայի և ռաբբիի հետ։ Հուդայականության նկատմամբ նա հետաքրքրություն է ցուցաբերել ձերբակալությունից հետո միայն։ Ավելի վաղ Մադուրոն հրապարակավ հայտարարել էր իր սեֆարդական հրեական ծագման մասին, սակայն նրա շրջապատը պնդում է, որ նախկինում նա այդ կրոնի նկատմամբ հետաքրքրություն չէր ցուցաբերել։
Բացի այդ, կալանքի ընթացքում 63-ամյա Մադուրոն նիհարել է։ Նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, նույնպես քաշ է կորցրել, ընդ որում՝ նրա առողջական վիճակը, ըստ պարբերականի աղբյուրների գնահատականի, «ավելի անկայուն է»։
Հունվարին ձերբակալվելու պահին Ֆլորեսը վերականգնվում էր հիստերէկտոմիայից՝ արգանդի հեռացման վիրահատությունից հետո։ Արդեն կալանքի ընթացքում նրան նիտրոգլիցերին են նշանակել կրծքավանդակի ցավերի պատճառով։ Կնոջ փաստաբանները կարծում են, որ հուլիսին նա կարող էր սրտի կաթված ստացած լինել։ Բացի այդ, նա երկու ատամ է կորցրել։
Ինչպես հայտնում է NYT-ը, Ֆլորեսը երեք ամիս անցկացրել է մենախցում։ Ընդհանուր խուց տեղափոխվելուց հետո նա տուժել է պղպեղային սփրեյից, որը կիրառվել է կալանավորների միջև ծագած ծեծկռտուքը ցրելու համար։




























