Խոշորածավալ ՏՏ համակարգերի գործառնական կառավարման եվրոպական գործակալությունը (eu-LISA) հայց է ներկայացրել ամերիկյան IBM ընկերության, ֆրանսիական Atos ՏՏ խմբի և իտալական պաշտպանական ոլորտի կապալառու Leonardo ընկերության դեմ՝ սահմանային վերահսկողության նոր էլեկտրոնային համակարգի (EES) մշակման ընթացքում բազմակի ուշացումների պատճառով։ Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը։

«Կապալառու կոնսորցիումի կողմից EES համակարգի ներդրման բազմաթիվ ուշացումների կապակցությամբ գործակալությունը գործի է դրել հասանելի պայմանագրային և իրավական մեխանիզմները՝ իր ֆինանսական շահերը պաշտպանելու համար», - ասվում է փաստաթղթերում, որոնց ծանոթացել է թերթը։

FT-ի տվյալներով՝ սահմանային ստուգումների «խելացի համակարգի» գործարկումը նախատեսված էր 2022 թվականին, սակայն դրա լիարժեք ներդրումը տեղի է ունեցել միայն այս տարի։ Համակարգի ներդրումն ուղեկցվել է ծրագրային ապահովման բազմաթիվ խափանումներով։ Մասնավորապես, մատնահետքերի սկաներները դադարել են աշխատել, երբ դրանց վրա քրտինքի կաթիլներ են ընկել, ինչի հետևանքով ամբողջ Եվրոպայի օդանավակայաններում բազմաժամյա հերթեր են գոյացել։

Մշակման ընթացքում eu-LISA-ի և կապալառու կոնսորցիումի միջև տարաձայնություններ են առաջացել. ընկերությունները վիճարկել են գործակալության սահմանած տուգանքները, ինչպես նաև դրա սահմանած ժամկետները։ 2025 թվականի դեկտեմբերին eu-LISA-ն հայց է ներկայացրել IBM-ի, Atos-ի և Leonardo-ի դեմ Էստոնիայում, որտեղ գտնվում է գործակալության կենտրոնակայանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Եվրահանձնաժողովը, արտաքին սահմաններին EES սահմանային վերահսկողության համակարգը պետք է աստիճանաբար փոխարինի անձնագրերում կնիք դնելու գործող գործընթացին։