Մոսկվայի համար կարևոր է, որ Հայաստանից Ռուսաստանի շահերին ուղղակի կամ անուղղակի սպառնալիք չբխի։ Այս մասին նոյեմբերի 9-ին քննարկման ժամանակ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը։
Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, Եվրոպական միության հետ մերձեցման Հայաստանի որդեգրած կուրսը որոշակի փուլում որպես այլընտրանք չունեցող սցենար նախատեսելու է միացում հակառուսական պատժամիջոցներին և այլ ոչ բարեկամական գործողություններին։ Նա հավելել է, որ հիմնական հարցը նաև Հայաստանի իշխանությունների վարքագծի որոշակի ոճն է, որն ընդունելի չէ որոշումների կայացմանը ներգրավված ռուսական քաղաքական շրջանակների համար։
«Այնպես չէ, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ խզվում են Հայաստանի հետ կապերը և ինչ-որ ոչ բարեկամական գործողություններ են ձեռնարկվում։ ԵԱՏՄ-ի զեկույցը, որում ներկայացված էին Միությունից Հայաստանի դուրս գալու կամ հեռացվելու հնարավոր հետևանքները, առաջիկայում կարող է գործնական ուժ ստանալ», - ընդգծել է քաղաքագետը։ Նրա խոսքով՝ կանխատեսումները, այդ թվում՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մակարդակով, այն են, որ Հայաստանը կզրկվի ձայնի իրավունքից՝ առանց ՀԱՊԿ-ից պաշտոնապես հեռացվելու։
Արեշևը հիշեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և այլ պաշտոնատար անձանց հայտարարությունները, որոնք տարակուսանք էին հայտնել այն առնչությամբ, որ, փաստացի չմասնակցելով Կազմակերպության գործունեությանը, Հայաստանի ներկայացուցիչները ստանում են անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը։ Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ հայ քաղաքական գործիչներ ամեն կերպ խոսում են ՀԱՊԿ շրջանակում համագործակցության աննպատակահարմարության մասին, սակայն չեն նախաձեռնում Կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու պաշտոնական գործընթացը։ Այսինքն՝ նրանք ցանկանում են, որ դա անեն Ռուսաստանն ու մյուս գործընկերները, ինչը ստիպում է դիմել միջանկյալ լուծումների։
«Նման որոշման հավանականությունը կմոտեցնի Եվրասիական տնտեսական միության հետ կապված հարցերի քննարկումը, որոնց վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել դեկտեմբերին», - նշել է փորձագետը։ Անդրեյ Արեշևը ենթադրել է, որ որոշումները կընդունվեն նույն ոգով, իսկ դրանց հետևանքները Հայաստանի համար բավական լուրջ կլինեն, և Եվրոպական միության ու այլ շուկաների ուղղությամբ որևէ շարժ չի փոխհատուցի այն վնասը, որը կառաջանա ԵԱՏՄ-ի հետ առևտրատնտեսական կապերի խզման դեպքում։





























