Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պատմել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ կատարած այցի մասին։ Հիշեցնենք, որ այս ՔԿՀ-ում են գտնվում ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները։

Լրագրողների հետ զրույցում Մանասյանը նշել է, որ այցելել է ՔԿՀ և հանդիպել քաղաքական գործիչների հետ։ Նրա խոսքով՝ նրանց բարձրացրած խնդիրների զգալի մասն արագ լուծվել է։ Օրինակ՝ հեռախոսազանգերի, մահճակալների, ջրի հետ կապված հարցերը։ Բացառություն են այն հարցերը, որոնք պահանջում են տարածքի վերակառուցում, պարզաբանել է Մանասյանը։

ՄԻՊ-ն ընդգծել է, որ խնդիրներ կան, և դրանք պետք է լուծել։ Սակայն բոլորը պետք է հասկանան, որ տասնամյակներով կուտակված խնդիրները հնարավոր չէ լուծել մեկ ակնթարթում։ Ընդ որում, այժմ այնտեղ գտնվող նախկին ղեկավարները պետք է հասկանան, որ բազմաթիվ խնդիրներ չեն լուծվել նաև իրենց օրոք, նկատել է ՄԻՊ-ը։ Ամեն դեպքում կարևոր է հիշել, որ անկախ մեղքի կամ մեղադրանքի ծանրությունից՝ պահման պայմանները պետք է արժանապատիվ լինեն, եզրափակել է Մանասյանը։