Եվրոպական երկրները բարձրաստիճան պաշտոնյաներ կուղարկեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններին, որոնք կանցկացվեն նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում, Financial Times-ին հայտնել են իրազեկ պաշտոնյաները։ Նրանց խոսքով՝ գագաթնաժողովին կմասնակցեն եվրոպական եռյակի՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականները։ Բացի այդ, այնտեղ կժամանեն Եվրահանձնաժողովի նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմերի ղեկավարները։ Նախատեսվում է, որ նրանք կմասնակցեն «բանակցությունների առանձին փուլերին»։

Եվրոպական երկրները որոշել են իրենց ներկայացուցիչներին ուղարկել գագաթնաժողովին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա փեսան՝ Ջարեդ Քուշները, հայտարարել են, որ համաձայնագրի մաս կարող է դառնալ Եվրոպայի անվտանգության ավելի լայն ճարտարապետությունը։ Մասնավորապես, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները պետք է կանխեն հանդիպումն այս հարցում իր պահանջները պարտադրելու համար օգտագործելու Ռուսաստանի հնարավոր փորձերը։ Ավելի վաղ Մոսկվան պնդում էր, որ պետք է իրավունք ունենա համաձայնություն տալու ՆԱՏՕ-ի զորավարժություններին և Արևելյան Եվրոպայում սպառազինության առանձին համակարգերի տեղակայմանը։ Սակայն եվրոպական մայրաքաղաքներում նման մոտեցումը դիտարկում են որպես վերադարձ «սառը պատերազմի» ոճով ազդեցության գոտիներին, գրում է FT-ն։

Միաժամանակ Եվրոպայում պնդում են, որ մայրցամաքի անվտանգության վերաբերյալ ցանկացած քննարկում պետք է սկսվի միայն Ուկրաինայի հետ խաղաղության բանակցություններից հետո։ Պարբերականի աղբյուրներն ընդգծել են, որ Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու և երկրի հետպատերազմյան տնտեսական վերականգնման հարցերի քննարկումն այս պահին եվրոպական երկրների համար ավելի առաջնահերթ է։

Մինչ այդ ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, հայտնել էր, որ Վաշինգտոնը «արդյունավետ և բովանդակալից» բանակցություններ է անցկացրել Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի և եվրոպացի գործընկերների հետ՝ Կիևի համար անվտանգության երաշխիքների և եվրոպական անվտանգության ճարտարապետության շուրջ։ Նա նաև հայտնել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի և Ռուսաստանի հետ աշխատում է «լուրջ առաջարկների» վրա, որոնք թույլ կտան եռակողմ բանակցությունները դարձնել «առավելագույնս բովանդակալից և արդյունավետ»։

Միևնույն ժամանակ եռակողմ հանդիպմանը ռուսական պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որին անվանում են «կոշտ գծի կողմնակից»։ Անցյալ տարվա հունիսին՝ Թուրքիայում ուկրաինական կողմի հետ հանդիպումներից մեկից հետո, նա հայտարարել էր, որ պատերազմն ավարտելու համար Ուկրաինան պետք է ընդունի Մոսկվայի պայմանները և հրաժարվի Արևմուտքի հետ ինտեգրումից, ինչպես նաև պնդել էր, որ Ռուսաստանը պատրաստ է պատերազմել «այնքան, որքան անհրաժեշտ կլինի»։