«Մուզ-TV»-ն փոխարինող է գտել հեռուստահաղորդավարներ Անդրեյ Մալախովի եւ Քսենյա Սոբչակի համար: Հեռուստաալիքի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Մալախովի փոխարեն մրցանակաբաշխությունը կվարի Վյաչեսլավ Մանուչարովը:
«Մանուչարովը կլինի մրցանակաբաշխության երրորդ վարողը: Մյուս երկու վարողներն են Լերա Կուդրյավցեւան եւ Մաքսիմ Գալկինը»,-ասել են մամուլի ծառայությունում, հավելելով, որ սկզբում նախատեսված է եղել 4 վարող ունենալ. «Ազդագրերում հայտարարվում էր Քսենյա Սոբչակի մասին», իսկ Մանուչարովի փոխաներ նշվում էր Անդրեյ Մալախովի անունը, հաղորդում է «Կոմերսանտը»:
Մանուչարովը մամուլին հայտնել է, որ միանգամից համաձայնել է հեռուստաալիքի ղեկավարության առաջարկին եւ ոչ մի պատճառ չի ունեցել հրաժարվել դրանից: Անդրադառնալով Քսենյա Սոբչակին հեռացնելու փաստին, Մանուչարովն ասել է. « Քսենյա Սոբչակի եւ հեռուստաալիքի ղեկավարության անձնական դիրքորոշումները ես չեմ ցանկանում եւ չեմ կարող քննարկել: Ես, որպես Քսենյա Անատոլեւնայի գործընկեր, ափսոսում եմ, որ նա չի լինելու»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սկանդալային հաղորդավարուհի, լրագրողուհի Քսենյա Սոբչակը հեռացվել է «Մուզ- TV» երաժշտական մրցանակաբաշխության վարողի պաշտոնից:
Սոբչակի անունն արդեն անհետացել է «Մուզ- TV»-ի պաշտոնական բլոգում հրապարակված հաղորդավարների ցուցակից, թեեւ ավելի վաղ նրա անունն այդ ցուցակում էր: Սոբչակի հետ միջոցառումը պետք է վարեին Անդրեյ Մալախովը, Լերա Կուդրյավցեւան եւ Մաքսիմ Գալկինը:
«Ինձ հանել են «Մուզ- TV»-ից: Հարցնում եմ` ինչի՞ համար: Դու ինքդ ես ամեն ինչ հասկանում: Մենք չէինք ցանկանում, բայց զանգ եղավ: Ինչ մանրախնդիր է այս ամենը…», – գրել է Սոբչակն իր Twitter-ում:
Ավելի ուշ հայտնի ռուս հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը հայտարարել է, որ մտադիր է բոյկոտել «Մուզ-TV»-ն` դրանով իր աջակցությունը հայտնելով հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակին:
«Ես, անկասկած, աջակցում եմ Քսենյային, նա իմ ընկերուհին է եւ այս վայրկյաններին ես որոշում եմ մրցանակաբաշխությանն իմ մասնակցության հարցը»,-հայտարարել էր Մալախովը` РСН-ին տված հարցազրույցում:



























