Ալիևը չի կարող հայ ժողովրդին պարտադրել նոր սահմանադրություն: Այս մասին միացյալ ընդդիմության և իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:
Քաղաքական գործիչն ընդգծել է. «Պատկերացրե՛ք՝ նման ճնշման տակ ընդունված փոփոխությունն ի՞նչ ուղերձ է պարունակում աշխարհի, հարևանների և Թուրքիայի համար»։ Ըստ Թանդիլյանի՝ վերջինիս համար դա նոր պահանջներ ներկայացնելու բացահայտ հրավեր է։
Համոզմունք հայտնելով, որ նոր սահմանադրությունը որևէ կերպ չի սահմանափակելու վարչապետի իշխանությունը՝ նա շեշտել է իշխանությունների ծրագրերին հանրային հակազդեցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։ Ըստ նրա՝ թեև Փաշինյանը չի կարողանա իր նպատակին հասնել խորհրդարանում, սակայն բոլորին է հայտնի նրա գործելաոճը. գիտենք, թե ինչպես նա կարող է ահաբեկել ու ճնշում գործադրել մարդկանց վրա և ինչ մեթոդներով է հասնում իր ուզածին։
Ուստի հարկավոր է ողջ հասարակության աջակցությունն ու համախմբումը։ Փաշինյանը պետք է տեսնի, որ կա իր օրակարգին դեմ արտահայտվող հանրություն, որպեսզի ստիպված լինի հետաձգել իր ծրագրերը։ «Անհրաժեշտ է համատեղ ջանքերով հասնել այդ ծրագրերի տապալմանը»,- նշել է Թանդիլյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում դա կնշանակի պետականության կործանում։
Միևնույն ժամանակ, Թանդիլյանը հանրության շրջանում վտանգը չնկատելու միտում է արձանագրել, քանի որ Փաշինյանն իր մանիպուլյատիվ հռետորաբանությամբ իրավիճակն այլ լույսի ներքո է ներկայացնում։ Զուգահեռաբար հարվածելով ազգային ինքնությանը, եկեղեցուն և այլ արժեքների՝ նա արհեստական աղմուկ է բարձրացնում, ինչը թույլ չի տալիս հասարակությանը տեսնել իրականությունը։











