Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի նախօրեին՝ նոյեմբերի 8-ին, Գլենդելում տեղի է ունեցել «Միասնական հանուն Արցախի» («United for Artsakh») խորագրով բողոքի քայլերթ, հիշատակի միջոցառում և մոմավառություն։

Ակցիայի բանախոսներից մեկն իր ելույթում նշեց. «Մեր ժողովուրդը իրավունք չունի մոռանալու այդ քաջարի զինվորներին, որոնք իրենց կյանքը զոհեցին հայրենիքի պաշտպանության համար։ Հիշենք նաև այն մայրերին, որոնք իրենց զավակները ճանապարհեցին պատերազմ, բայց երբեք չտեսան նրանց վերադարձը։ Այսօր տակավին կան մայրեր, որոնք սպասում են իրենց որդիների վերադարձին, զավակներ, որոնք սպասում են իրենց հայրերին և ընտանիքներ, որոնք ամեն օր ապրում են իրենց հարազատների բացակայության ցավով։

Այսօր մենք պիտի քայլենք լուռ, բայց թող ոչ ոք մեր լռությունը անձնատվություն չհամարի։ Այս լռությունը նրանց համար է, որոնց ձայնը խոշտանգված է։ Յուրաքանչյուր քայլ, որ այսօր պիտի անենք, պահանջ է մնում աշխարհին, որ վերջ տա իր լռությանը»։