Երկու ձկնորս Կալիֆոռնիայի ափից մոտ 32 կմ հեռավորության վրա հայտնաբերել են զբոսանավից ծովն ընկած դաշնակահարի։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Գրանտ Գարեթն ու Շոն Նորթոնը ուրբաթ օրը Կատալինա կղզու մերձակայքում ջրի մեջ մարդ են նկատել։ Ինչպես հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով իշխանությունների ներկայացուցիչներին, տղամարդը հնարավոր է՝ ինը ժամ անցկացրած լինի Խաղաղ օվկիանոսում։

ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը BBC-ին հայտնել է, որ տղամարդը, որի անունը չի հրապարակվում, կայուն վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Ծառայությունը նաև նշել է, որ հետաքննում է միջադեպը։

Royal Caribbean ընկերությունը հաստատել է, որ փրկված տղամարդն իր աշխատակիցն է։