Երբ մի քանի տարի առաջ Գեղարքունիքում սկսեցին աճեցնել բրոկոլի, բրյուսելյան կաղամբ, քել, կոլրաբի, ռոմանեսկո, քչերն էին պատկերացնում, որ այդ մշակաբույսերը կարող են դառնալ ոչ միայն գյուղատնտեսական նոր փորձ, այլև համայնքի զարգացման հնարավորություն։ «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության հիմնադիր Արտուշ Խաչատրյանի նախաձեռնությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող են նոր գիտելիքը, նպատակային ներդրումներն ու համագործակցությունը փոխել գյուղատնտեսության ավանդական մոտեցումները՝ ստեղծելով տնտեսական և բնապահպանական օգուտներ։

2017 թվականին Վարդենիկ համայնքում բնակվող Արտուշ Խաչատրյանը փնտրում էր միջոց, որ մարզում գյուղատնտեսությամբ զբաղվող ընտանիքները եկամուտ ստանան տարվա բոլոր ամիսներին։ Հիմնելով «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկությունը՝ նա փորձարկեց ոչ ավանդական, բարձր ավելացված արժեք ունեցող մշակաբույսեր, որոնք հնարավոր է աճեցնել Գեղարքունիքի մարզում։ Այդ բանջարեղենային մշակաբույսերը նախկինում Հայաստան հիմնականում ներմուծվում էին այլ երկրներից:

ԵՄ աջակցությամբ նա հնարավորություն ստացավ օգտվելու անհրաժեշտ ռեսուրսներից, սարքերից և մեծ ծավալներով սածիլների արտադրության համար նախատեսված աջակցությունից։

Արտուշ Խաչատրյանի գործունեության մոդելը չի սահմանափակվում սեփական տնտեսությամբ․ տեղի ֆերմերներին նա սածիլներ է տրամադրում, սովորեցնում դրանց մշակման առանձնահատկությունները և աջակցություն ցույց տալիս բերքի իրացման հարցում։ Մարզի բնակիչները սկզբնական շրջանում թերահավատ էին, որ նոր մշակաբույսերը կհարմարվեն տեղի կլիմայական պայմաններին ու հողատեսակին։ Սակայն երբ առաջին բերքն ու եկամուտը ստացան, վստահությունը մեծացավ, և ծրագրին միացող ֆերմերների թիվը սկսեց արագորեն աճել։ Եթե սկզբնական շրջանում նախաձեռնությունն ընդգրկում էր շուրջ 30 ընտանիք, ապա այժմ շահառու ընտանիքների թիվը հասել է մոտ 300-ի։

«Մենք մարդկանց ամեն ինչ տվեցինք, մինչև անգամ բահը։ Ասացինք՝ դուք մշակեք, մենք ձեզանից կգնենք։ Երբ մարդկանցից բրոկոլին մթերեցինք, և նրանք տեսան, որ նույն քառակուսի մետրից կարողանում են երեք անգամ ավելի շատ բերք ստանալ, արդեն սկսվեց նոր մշակաբույսերի տարածումը»,- հիշում է Արտուշը։

Այս նախաձեռնությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող են գիտելիքը, համապատասխան գործիքներն ու նոր մշակաբույսերի հասանելիությունը օգնել ֆերմերներին դիվերսիֆիկացնել արտադրությունը, առավել արդյունավետ օգտագործել հողատարածքները և բարելավել համայնքների կենսապահովման հնարավորությունները։ Այն նաև վկայում է, որ կայուն գյուղատնտեսությունը կարող է ապահովել ինչպես բնապահպանական, այնպես էլ տնտեսական օգուտներ Սևանա լճի հարակից համայնքների համար։

Սա Եվրամիության ծրագրերից միայն մեկն է։ Վերջին տարիներին ԵՄ-ն ավելի քան 100 միլիոն եվրո է տրամադրել Հայաստանում շրջակա միջավայրի պահպանության և ջրային ոլորտի ծրագրերին։ Աջակցությունն ուղղված է ինչպես բնապահպանական կառավարման համակարգի բարելավմանն ու համապատասխան կառույցների ամրապնդմանը, այնպես էլ էկոհամակարգերի պահպանությանը, համայնքների զարգացմանը և կայուն կենսապայմանների ապահովմանը։ Համագործակցությունն ընդգրկում է երեք խոշոր նախաձեռնություն։

EU4Sevan+ ծրագիրը կենտրոնացած է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանը՝ ջրամատակարարման և կեղտաջրերի կառավարման բարելավման միջոցով։

EU4Environment ծրագիրն աջակցում է Հայաստանի՝ դեպի կանաչ տնտեսություն անցմանը։ Այն խթանում է բիզնեսի կայուն զարգացումը, շրջանաձև տնտեսությունը, բնապահպանական կառավարման բարելավումը, ինչպես նաև անտառների և ջրաճահճային տարածքների պահպանությունը։

EU4ClimateResilience ծրագիրն աջակցում է Հայաստանում կլիմայական քաղաքականության մշակմանը, ածխածնի արտանետումների կրճատմանը և կլիմայի փոփոխության հետևանքներին դիմակայելու մեխանիզմների զարգացմանը։

Այս աշխատանքներում կարևոր տեղ է զբաղեցնում Սևանա լիճը։ Լինելով Կովկասի ամենամեծ քաղցրահամ լիճը՝ այն կարևոր նշանակություն ունի խմելու և ոռոգման ջրի ապահովման, ջրային տնտեսության և հիդրոէներգետիկայի համար։ Լճի պահպանությունը կարևոր է ոչ միայն կենսաբազմազանության, այլև գյուղատնտեսության, տեղի բնակիչների ապրուստի և Հայաստանի երկարաժամկետ տնտեսական ու բնապահպանական կայունության համար։

EU4Sevan ծրագիրը, որն արդեն ավարտվել է, նպաստել է ջրային ռեսուրսների վերահսկման և կառավարման բարելավմանը։ Այն նաև խթանել է բնության համար անվտանգ և ջուր խնայող գյուղատնտեսության զարգացումը։ Ծրագիրն աջակցել է կեղտաջրերի մաքրման բնական եղանակների կիրառմանը, օգնել մարդկանց ավելի շատ տեղեկանալ բնապահպանական խնդիրների մասին և նպաստել Սևանա լճի պահպանությանը։

Ծրագրի շարունակությունը՝ EU4Sevan+-ը, նպաստում է ջրամատակարարման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների բարելավմանը։ Դրա շրջանակում կիրառվում են նաև կեղտաջրերի մաքրման նոր և արդյունավետ եղանակներ։ Ծրագիրն աջակցում է նաև գետերի ավազանների կառավարմանն ու վերահսկմանը, հանրության մասնակցությանը և տեղական կառույցներիաշխատանքի բարելավմանը։

Այս աշխատանքները շարունակվում են նաև 2026 թվականին մեկնարկած եռամյա EU4BiodiversityinSevan նախաձեռնության շրջանակում։ Այն օգնում է ամրապնդել բնապահպանական կառույցների աշխատանքը, վերականգնել էկոհամակարգերն ու պահպանել կենսաբազմազանությունը, բարելավել ձկնային պաշարների կառավարումը, կիրառել թվային գործիքներ բնության վիճակը վերահսկելու համար, վերականգնել գետերն ու պլանավորել անտառների վերականգնումը։ Նախաձեռնությունը նաև նպաստում է Սևանա լճի երկարաժամկետ պահպանության համար ֆինանսավորման կայուն աղբյուրների ստեղծմանը։

Երևանում անցկացված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի` COP17-ի շրջանակում տասը օր շարունակ ԵՄ-ն «Կանաչ գոտու» իր տաղավարում ներկայացրեց Հայաստանում իրականացվող բնապահպանական ծրագրերն ու նախաձեռնությունները։ Այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու, թե ինչպես է ԵՄ–ը կենսաբազմազանության պահպանության գլոբալ նպատակները կյանքի կոչում Հայաստանում՝ տարբեր համայնքներում իրականացվող կոնկրետ ծրագրերի միջոցով։

Գեղարքունիքի մարզը լավ օրինակ է, թե ինչպես են բնապահպանական ծրագրերն ու նպատակներն անդրադառնում մարդկանց առօրյա կյանքի վրա: Տարբեր նախաձեռնություններ լրացնում միմյանց․ ֆերմերներն ավելի կայուն որոշումներ են կայացնում, տեղական կառույցները բնապահպանական տվյալները վերածում են գործնական քայլերի, իսկ կրթությունն օգնում է ձևավորել Հայաստանի բնական պաշարները պահպանելու երկարաժամկետ պատասխանատվություն։