2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունման վեցերորդ տարեդարձին Արցախի Հանրապետության հանրային խորհուրդը դիմում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը՝ պահանջելով հրապարակային և հստակ պատասխաններ տալ ստանձնած խաղաղապահ առաքելության կատարման և դրա նպատակների չիրագործման պատճառների վերաբերյալ հարցերին։
«Հայտարարության ընդունումից հետո դրա իրականացման քաղաքական պայմաններն էապես փոխվեցին։ Շրջադարձային դարձավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպումը, որի արդյունքներով Հայաստանի ղեկավարությունը հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Այս պայմանավորվածությունը ձեռք բերվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության ղեկավար՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Ընդ որում, հրապարակված հայտարարությունը չէր պարունակում Արցախի հայ բնակչության իրավունքների և անվտանգության առանձին երաշխիքներ։
Սակայն ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում էր գտնվել Արցախում։ Ռուսաստանը շարունակում էր մնալ հայտարարությունը ստորագրած կողմ, որի 3-րդ և 4-րդ կետերը նախատեսում էին խաղաղապահների տեղակայում իրականացնել շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում՝ հինգ տարի ժամկետովժ։ 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը մնում էր ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։
Եթե ռուսական կողմը համարում էր, որ քաղաքական պայմանների փոփոխությունը սահմանափակել է Արցախի բնակչության անվտանգությունն ապահովելու խաղաղապահ առաքելության հնարավորությունները, ինչո՞ւ այդ մասին ժամանակին և միանշանակ չհայտարարվեց։ Ինչո՞ւ էին շարունակում հնչել հրապարակային հավաստիացումներ, որոնց վրա Արցախի բնակիչները հենվում էին սեփական անվտանգության վերաբերյալ որոշումներ կայացնելիս։
Ավելին, 2023 թվականի սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակայնորեն հաստատեց, որ խաղաղապահների մանդատը շարունակում է գործել, իսկ մարդասիրական հարցերն ու էթնիկ զտումները թույլ չտալու խնդիրը պահպանում են իրենց արդիականությունը։
Այնուամենայնիվ, հենց ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայության ժամանակ Արցախը ենթարկվեց շրջափակման, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, որին հաջորդեց հայ բնակչության զանգվածային բռնի տեղահանումը։ Փաստացի ռուս խաղաղապահների աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանական բնույթի ողբերգություն, որը նրանք չկարողացան կանխել։ Մեր ժողովուրդը զրկվեց իր տներից և հայրենի հողում ապրելու հնարավորությունից՝ չնայած խաղաղապահ առաքելության ներկայությանը և Ռուսաստանի ղեկավարության հրապարակային հավաստիացումներին։
Մենք Ռուսաստանի Դաշնությունից պահանջում ենք՝
Հրապարակայնորեն պարզաբանել, թե ինչու խաղաղապահ առաքելությունը չկարողացավ կանխել Լաչինի միջանցքի շրջափակումը, ռազմական գործողությունների վերսկսումը և հայ բնակչության արտաքսումն Արցախից, ինչպես նաև հայտնել, թե ինչ գնահատական է տրվել խաղաղապահ զորախմբի գործողություններին և անգործությանը։
Պարզաբանել, թե իրավական և քաղաքական ինչ հիմքերով է ռուսական խաղաղապահ զորախումբը 2024 թվականին դուրս բերվել Ղարաբաղից՝ մինչև հայտարարությամբ նախատեսված սկզբնական հնգամյա ժամկետի ավարտը, և թե այդ որոշումը կայացնելիս ինչպես են հաշվի առնվել տեղահանված բնակչության անվտանգության և վերադարձի հարցերը։
Միանշանակ հայտարարել՝ արդյոք Ռուսաստանը պատրաստ է աջակցել Արցախի հայերի կամավոր, անվտանգ և արժանապատիվ վերադարձին իրենց տներ՝ գործուն միջազգային երաշխիքների առկայության պայմաններում, ինչպես նաև՝ ինչ կոնկրետ դիվանագիտական քայլեր է պատրաստ ձեռնարկել այդ ուղղությամբ։
Օգտագործել Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա հնարավորություններն ու դիվանագիտական գործիքները՝ նպաստելու Ադրբեջանում պահվող բոլոր հայերի ազատ արձակմանը, ինչպես նաև Արցախի հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանը։
Պահանջում ենք սույն դիմումն ուղարկել Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին և մեզ տրամադրել բովանդակային գրավոր պատասխան։
Խաղաղապահ առաքելության ավարտը չի փակում դրա արդյունքների համար պատասխանատվության հարցը։ Մենք Ռուսաստանից ակնկալում ենք տեղի ունեցածի մասին բաց և ազնիվ խոսակցություն, ինչպես նաև մեր իրավունքների վերականգնմանն ուղղված կոնկրետ գործողություններ», — նշվում է հայտարարության մեջ։




























