Համաշխարհային ձյուդոյի աստղ, Օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն Թեդի Ռիները երկուշաբթի օրը հայտարարել է, որ առաջադրում է իր թեկնածությունը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում։ Երկրում նախագահական ընտրությունները կայանալու են հաջորդ տարվա մայիսին։
Ֆրանսիական Le Parisien օրաթերթին տված հարցազրույցում Ռիները նշել է, որ ինքը «ո՛չ ձախ է, ո՛չ էլ աջ», այլ ձգտում է լինել «համախմբման» թեկնածու։ Միևնույն ժամանակ մարզիկը հավելել է, որ չի պատրաստվում ավարտել մարզական կարիերան, ընդհակառակը՝ ծրագրում է հանդես գալ 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում։
X սոցիալական հարթակում հրապարակված տեսաուղերձում նա ընդգծել է. «Ֆրանսիային պետք չէ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ, որն օրնիբուն խրատներ է տալիս ու բանավիճում։ Երկրին անհրաժեշտ են ողջամտություն, բարություն և այնպիսի պետություն, որն ամեն ինչ անում է այնպես, ինչպես հարկն է»։
37-ամյա մարզիկի խոսքով՝ ինքը գիտակցում է, որ իրեն «խելագար» կհամարեն, քանի որ չունի քաղաքական փորձառություն և «անհրաժեշտ կապեր»։ Այդուհանդերձ, նա շեշտել է. «Եթե ճնշումներին չենթարկվելն ու քաոսը չընդունելն ինձ խելագար են դարձնում, ուրեմն՝ այո՛, ես իսկական խելագար եմ»։
«Ես չեմ լինելու նրանցից մեկը, ովքեր մի կողմ քաշված նայում են, թե ինչպես է երկիրն այրվում, և արդարացումներ փնտրում։ Ես կյանքս գրասեղանի հետևում չեմ անցկացրել։ Պայքարը միշտ եղել է իմ մի մասնիկը։ Ես գիտեմ՝ ինչ է նշանակում պայքարել, ընկնել և նորից ու նորից ոտքի կանգնել»,- մեջբերում է Euronews-ը նրա խոսքերը։
Ֆրանսիայի նախագահական ընտրություններից մոտ կես տարի առաջ արդեն առավել հստակ նշմարվում է երկրորդ փուլի հիմնական դիմակայությունը ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի և ծայրահեղ ձախ «Չհանձնվող Ֆրանսիա» ուժի ղեկավար Ժան-Լյուկ Մելանշոնի միջև։ LCI հեռուստաալիքի պատվերով IFOP-ի անցկացրած հարցման համաձայն՝ նրանց վարկանիշները համապատասխանաբար կազմում են 36% և 17,6%։ Երրորդ հորիզոնականում ընթացող ցենտրիստ Էդուար Ֆիլիպի վարկանիշն իջել է մինչև 12%:





























