ԱՄՆ գաղտնի ծառայությունը երկու մարդու է ձերբակալել Սպիտակ տան մոտ տեղի ունեցած առանձին միջադեպերից հետո․ նրանցից մեկն ավտոմեքենայով բախվել է անվտանգության ցանկապատին, իսկ մյուսը ցատկել է հարակից արգելապատնեշի վրայով, հաղորդում է The Telegraph-ը։
Գաղտնի ծառայության ներկայացուցչի խոսքով՝ վարորդն ավտոմեքենայով դուրս է եկել Լաֆայետ զբոսայգին շրջապատող մայթ և բախվել մետաղական ցանկապատին։
Այնուհետև նա դուրս է եկել մեքենայից և, ըստ հաղորդումների, հարվածել ոստիկաններին, որից հետո նրան գետնին են տապալել ու ձերբակալել։
Մոտավորապես նույն ժամանակ երկրորդ անձը ցատկել է Լաֆայետ զբոսայգու հյուսիսարևմտյան անկյան մոտ գտնվող ցանկապատի վրայով, որից հետո նույնպես ձերբակալվել է։
Սպիտակ տունը կարճ ժամանակով շրջափակվել է, իսկ դեպի զբոսայգի տանող ճանապարհները՝ փակվել։ Միջադեպերի պահին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն էր։
Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ երկու միջադեպերի առնչությամբ էլ հետաքննություն է ընթանում։





























