Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Եվրամիության հաջորդ բյուջեի շուրջ համաձայնությունը կապել է Ուկրաինային տրամադրվելիք աջակցության նոր փաթեթի հետ՝ միավորելով քաղաքականապես զգայուն երկու թեմա և ջրի երես հանելով անդամ պետությունների միջև առկա խոր տարաձայնությունները։

Ռուսական չդադարող ավիահարվածների պատճառով Կիևը 2027 թվականի բյուջեում բախվում է 70 միլիարդ եվրոյի ճեղքվածքի։ ԵՄ-ն խոստացել է ծածկել այդ գումարի երկու երրորդը՝ շուրջ 45 միլիարդ եվրո, սակայն դեռևս չի կողմնորոշվել, թե ինչպես է դա անելու։

«Հավաքական հանձնառությունը, ըստ որի մենք բոլորս՝ առանց բացառության, պետք է արդարացի լումա ունենանք այս ճեղքվածքը փակելու գործում, կարևորագույն նախապայման է խնդիրը կարգավորելու և հետագա հարցերը քննարկելու համար»,- գրել է Ֆրիդրիխ Մերցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային հասցեագրված նամակում, որը հայտնվել է Euronews-ի տրամադրության տակ։

Մերցը պնդում է, որ ԵՄ յոթնամյա բյուջեի շուրջ բանակցությունները պետք է ապահովեն «բոլոր անդամ պետությունների կողմից պաշտպանված այնպիսի լուծում, որը 2028 թվականից սկսած կայուն ու բազմամյա ֆինանսական հեռանկար կերաշխավորի Ուկրաինայի համար»։

Տոկոսներ ասելով՝ նկատի է առնվում 90 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով աջակցության գործող վարկային փաթեթը, որն ապահովված է 24 երկրների համատեղ փոխառություններով։

Հիմնական գումարը չի մարվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի համաձայնել ռազմական ռեպարացիաներ վճարել։ Այդուհանդերձ, տոկոսավճարների մարումները կմեկնարկեն արդեն եկող տարի։ Ի սկզբանե Բրյուսելում դրանք գնահատում էին տարեկան 3 միլիարդ եվրո, սակայն փոխառությունների արժեքի կտրուկ աճը փոխեց բոլոր հաշվարկները։

45 միլիարդ եվրոն, որը ԵՄ-ն մտադիր է Կիևին հատկացնել 2027 թվականին, տրամադրվելու է գործող վարկից զատ։

Հաշվի առնելով դեֆիցիտի հսկայական ծավալները՝ համատեղ պարտքի նոր փուլը շատ արագ առաջնային պլան մղվեց որպես հիմնական տարբերակ։ Եվրահանձնաժողովը մտադիր է հնարավոր տարբերակներն անդամ երկրներին ներկայացնել մինչև ամսվա վերջին կայանալիք հատուկ գագաթնաժողովը։