Ուկրաինայի հարցով Աբու Դաբիում կայանալիք բանակցություններին ընդառաջ՝ ամերիկացի պաշտոնյաներն ավարտել են լրագրողների հետ ոչ պաշտոնական հեռախոսային ճեպազրույցը։ Այս մասին հայտնել է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն։
«Նրանք ներկայացրել են բանակցություններից Վաշինգտոնի ունեցած ակնկալիքները, առանցքային վիճելի հարցերն ու հետագա քայլերը։
Միացյալ Նահանգները ցանկանում է եռակողմ բանակցություններից անցում կատարել ավելի լայն՝ Եվրոպայի մասնակցությամբ բազմակողմ ձևաչափի։ Ակնկալվում է, որ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան՝ ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և Ուկրաինայի հետ մեկտեղ, կմիանան անվտանգության երաշխիքների և Եվրոպայի հետպատերազմյան անվտանգության ճարտարապետության շուրջ քննարկումներին։
Անվտանգության երաշխիքներն առաջնահերթ նշանակություն կունենան։ Պաշտոնյաները հայտնել են, որ Վաշինգտոնը Ռուսաստանին հորդորել է ընդունել մի համաձայնագիր, որն Ուկրաինային կտրամադրի ՆԱՏՕ-ի 4-րդ և 5-րդ հոդվածներին համարժեք պաշտպանություն։ Ընդգծելով Եվրոպայի կարևորությունը՝ պաշտոնյաներից մեկը նշել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հանձնառություն, ի վերջո, կախված է լինելու Թրամփի որոշումից։
Տարածքային հարցը շարունակում է մնալ չլուծված։ Ռուսաստանը շարունակում է պահանջել ողջ Դոնեցկը, մինչդեռ Ուկրաինան կողմ է շփման ներկայիս գծի պահպանմանը։ Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ երկու կողմերն էլ որոշակի ճկունություն են ցուցաբերել, սակայն նրանք միաժամանակ շեշտել են, որ տարածքային հարցերն ու հետպատերազմյան անվտանգության պայմանավորվածությունները պետք է քննարկվեն բանակցությունների շրջանակում։
Աբու Դաբիում որևէ համաձայնագրի կնքում չի ակնկալվում։ Բուն նպատակը դիրքորոշումները հստակեցնելն է, մնացյալ տարաձայնությունները վերհանելն ու հետագա բանակցությունների համար հիմքեր ստեղծելը։ Պաշտոնյաները հավելել են, որ ԱՄՆ-ը տրամադրված է «զգույշ լավատեսությամբ»՝ ենթադրելով, որ առաջիկայում կարող են նոր հանդիպումներ կայանալ Պուտինի և Զելենսկու հետ»,- նշել է Ռաուֆօղլուն։





























