«Էկոտոմատո» ընկերությունը 2012թ. աճեցրել է մոտ 950 մլն դրամի վարդեր, որից 650 մլն դրամն արտահանել է (Ռուսաստան, Վրաստան, Բելոռուս եւ այլն): Ընկերության ջերմոցային տնտեսությունը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղում, այն հիմնադրվել է 2011 թ.: Ներդրումները կազմել են 2.9 մլրդ դրամ, ստեղծվել է 40 աշխատատեղ` 100 հազ. դրամ միջին աշխատավարձով:
Վարդերն աճեցվում են հոլանդական «Դալսեմ» ընկերության տեխնոլոգիաներով:
«Էկոտոմատո» ընկերությունը որոշել է ընդլայնել վարդերի արտադրությունը` կառուցելով եւս 3 հա ջերմոցային տնտեսություն:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներդրումներ իրականացնել մոտ 7.14 մլրդ դրամի չափով, որից մոտ 6.14 մլրդ դրամը ուղղված կլինի հոլանդական «Դալսեմ» ընկերության սարքավորումների ձեռքբերմանը: Ընկերությունը դիմել է կառավարությանը` ներմուծվող սարքավորումների դիմաց ավելացված արժեքի վճարման տարկետում ստանալու համար:
Նշենք, որ վարդերի աշխարհում խոշորագույն ներմուծողներից մեկը Ռուսաստանն է, սակայն այդ շուկայում առայժմ գերիշխում են հարավամերիկյան երկրները, առաջին հերթին` Էկվադորը, որին բաժին է ընկնում Ռուսաստան ներմուծվող վարդերի 60%-ը:




























