Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամեն օր զանգահարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները, հայտնում է Financial Times-ը։

«Նեթանյահուն ամեն օր զանգահարում է նրան (որպեսզի կոչ անի վերսկսել պատերազմը)։ Սպիտակ տանը և դրանից դուրս նրանք, ովքեր պատերազմ չեն ցանկանում, փորձում են պայքարել դրա դեմ», - տեղեկացված աղբյուրի խոսքերն է մեջբերում Financial Times-ը։

Նրա խոսքով՝ «տարածաշրջանի առաջնորդները նրան (Թրամփին) խորհուրդ են տալիս չսրել իրավիճակը»։

Financial Times-ը գրում է, որ արաբ և մուսուլման առաջնորդներին անհանգստացնում են մարտական գործողությունները վերսկսելու՝ Թրամփին ուղղված Նեթանյահուի շարունակական կոչերը։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին համատեղ գործողություն սկսեցին Իրանի դեմ՝ Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային հարցերի շուրջ եռակողմ բանակցությունների անարդյունք ավարտից հետո։