ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իմփիչմենթի դեպքում կօգնի Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին։

«Ես կաջակցեմ նրան։ Նա երկու պատերազմում հաղթել է», - ասել է Թրամփը լրագրողներին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նախագահը հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասիին, որը երկուշաբթի երեկոյան ներկայացրել էր Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու մասին բանաձևի նախագիծը, անվանել է «կատարյալ անհաջողակ»։

«Ես չեմ ուզում ժամանակ վատնել նրա վրա։ Մենք երկու պատերազմում հաղթել ենք, աշխարհն ավելի անվտանգ ենք դարձրել, և դրանից հետո մե՞զ են իմփիչմենթի ենթարկում», - վրդովվել է Թրամփը։

Ավելի վաղ Հանրապետական կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամ Մասին ԱՄՆ Կոնգրեսում ներկայացրել էր Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու մասին բանաձևի նախագիծը։

Մասին Հեգսեթին մեղադրում է առանց Կոնգրեսի թույլտվության Իրանի դեմ պատերազմ վարելու և լիազորությունները չարաշահելու մեջ։ Իմփիչմենթի մասին բանաձևը պետք է քվեարկության դրվի չորեքշաբթի։

ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ նախագահը չի կարող ո՛չ արգելափակել Կոնգրեսի նախաձեռնած իմփիչմենթի գործընթացը, ո՛չ էլ այդ կերպ պաշտոնանկ արված նախարարին վերականգնել պաշտոնում։

Թրամփն ավելի վաղ արդեն ասել էր, որ գոհ է Պենտագոնի ղեկավարի աշխատանքից։

Ինքը՝ Հեգսեթը, երկուշաբթի հայտարարել է, որ իր նկատմամբ իմփիչմենթի հնարավոր ընթացակարգի առնչությամբ անհանգստություն չի զգում. «Մենք դրա համար չենք անհանգստանում»։