Հանդիպմանը հատուկ կարևորություն է հաղորդում այն հանգամանքը, որ այն անցկացվում է Անկախ պետությունների համագործակցության 30-ամյակի տարում, և Հայաստանի համար մեծ պատիվ է մասնակցել այս հոբելյանական նիստին։ Այս մասին նոյեմբերի 10-ին Երևանում կայացած՝ ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նախարարի խոսքով՝ այս ընթացքում իրավական ակտերի միասնական ռեեստրում ներառվել է տարբեր ոլորտներին վերաբերող ավելի քան 7 հազար փաստաթուղթ, իսկ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը մշակել և ընդունել է ավելի քան 400 մոդելային օրենք ու հանձնարարական։

Սրբուհի Գալյանը հավելեց, որ կատարելագործվում են փոխադարձ իրավական օգնության մեխանիզմները, ամրապնդվում է համագործակցությունը նոտարիատի և փաստաբանության ոլորտներում։

Նախարարը համոզմունք հայտնեց, որ կայացած երկխոսությունը հնարավորություն կտա նախանշել հետագա համագործակցության հեռանկարային ուղղությունները։