Այսօրվա հոբելյանական խորհրդակցությունն անցկացվում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) 35-ամյակի տարում։ Այս մասին նոյեմբերի 10-ին Երևանում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստում հայտարարեց Ռուսաստանի արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն։

«Սա կարևոր ու նշանակալի հանգրվան է, որը թույլ է տալիս արձանագրել, որ թեև մեր երկրները զուգահեռաբար ինտեգրվում են նաև այլ միավորումների (Միութենական պետություն, ԵԱՏՄ, ՇՀԿ, ԲՐԻԿՍ) շրջանակներում, հենց ԱՊՀ-ն է մեզ հիշեցնում խորհրդային անցյալից ժառանգած մեր պատմական, մշակութային, իրավական և հումանիտար փոխկապակցվածության ու ընդհանրության աննախադեպ մակարդակի մասին։

Ընդ որում, ԱՊՀ տարածքում համագործակցությունը մենք դիտարկում ենք որպես ռազմավարական միջոց՝ այդ ընդհանրությունն իրավական ոլորտի կառուցողական, ինքնիշխան և փոխշահավետ զարգացման ռեսուրսի վերածելու համար։ Առաջնորդվելով այս նպատակներով՝ այսօր մենք պետք է ընդունենք, որ ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի արդյունավետությունը երկարաժամկետ հեռանկարում պայմանավորված է լինելու նոր հանձնառություններ ստանձնելու և դրանց շուրջ փոխհամաձայնեցված լուծումներ գտնելու մեր պատրաստակամությամբ։

Մենք պետք է հանդես գանք որպես համագործակցության միասնական, անվտանգ ու տեխնոլոգիական իրավական տարածքի ճարտարապետներ, ինչը միտված կլինի օրինականության ամրապնդմանն ու մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։ Համոզված ենք, որ այսօրվա միջոցառումը մեզ թույլ կտա լուրջ առաջընթաց գրանցել այս ուղղությամբ»,- նշեց Չույչենկոն։