«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է քաղաքական գործիչ լինելու և հակաիշխանական հայացքներ ունենալու համար։ Այս մասին փաստաբանների միջոցով փոխանցված ուղերձում հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Թևանյանին առաջադրված մեղադրանքին, ամբողջ քրեական վարույթին և ընդգծելով, որ ամբողջ գործից թույլատրված է միայն մեղադրական եզրակացության մասին հրապարակային խոսել։

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ ժողովուրդ,

Մեր դեմ կարված «գործով» փակ դատավարությունը հնարավորություն չի տալիս հանրության լայն շրջանակներին ծանոթանալ դրա մանրամասներին, տեսնել, թե ինչ փնթի ու անհեթեթ ձևով են իրավապահ կոչվածները կատարել մեկ մարդու հրահանգով մեկնարկած քաղաքական հետապնդումը, թե ինչպես են մեղադրանքներ հորինել, թե ինչպես է կարվել մայիսի 20-ից շրջանառության մեջ դրված մեղադրանքը։

Բայց ինչքան էլ փորձեն փակ պահել այս խայտառակությունը և հակաօրինականությունը, միևնույն է մի օր ամեն ինչ բացվելու է, ամեն ինչ իր տեղն է ընկնելու։

Այս պահին օրենքով թույլատրված է միայն «գործի» մեղադրական հատվածի մասին հրապարակային խոսել։ Ներկայացնեմ ուշագրավ դետալ դրանից։

Արդեն գիտեք, որ ամենասկզբում հնչեցված մեղադրանքները չկան, քանի որ նախաքննության փուլում դրանք հերքվել են։ Այլ բան չէր էլ սպասվում։

Օրվա իշխանության խնդիրը Թևանյանին ընտրարշավից հեռացնելն ու ընտրակեղծիքներով մեր քվեները գողանալն էր։ Այդ խնդիրն իրենք լուծել են (ընտրակեղծիքներն այնքան աղաղակող էին, որ նույնիսկ սրանց ապօրինությունների վրա աչք փակող եվրակառույցները չեն կարողացել այդ մասին չխոսել․ ԵԽԽՎ զեկույցը վկա)։

Հիմա եկել է «գործը» մի կերպ գլուխ բերելու պահը։ Մենք արդեն գործ ունենք ոչ պակաս աբսուրդ մեղադրանքի հետ։

Մեղադրական եզրակացություն կոչվածի մեջ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է․․․ քաղաքական գործիչ լինելու և հակաիշխանական հայացքներ ունենալու համար։

Սա ասում եմ առանց չափազանցության։ Հենց այդպես էլ գրել են․ «Անդրանիկ Թևանյանը որպես քաղաքական գործիչ ունենալով հակաիշխանական հայացքներ և ցանկանալով Հայաստանի Հանրապետությունում ակտիվացնել իր քաղաքական գործունեությունը՝ ․․․»։ Այս նախադասությունից հետո կարելի է արդեն չշարունակել, քանզի ընդդիմադիր քաղաքական գործունեությունը եթե համարվում է հանցագործություն և պետական դավաճանություն, ապա «ժողովրդավարության բաստիոնը» վերածվում է բռնապետության բաստիոնի։

Թևանյանին ներկայացվող այս տիպի մեղադրանքը պետք է լրջորեն անհանգստացնի իրական ընդդիմությանը, որովհետև սա շատ վատ նախադեպ կարող է դառնալ։ Սա զուտ միայն Թևանյանին ներկայացվող մեղադրանք չէ։

Եթե ընդդիմություն լինելն, ըստ դատախազության ու դրա տիրոջ, հանցագործություն է, ապա բոլոր ընդդիմադիրները դառնում են պոտենցյալ հանցագործներ ու հայրենիքի դավաճաններ։ Պետք է հասկանալ, որ բոլորս ենք հարվածի տակ։ Ուստի բոլորը պետք է մի կողմ դնեն հատվածականությունը, «դա ինձ չի վերաբերվում» մտածողությունը և դատապարտեն այս ապօրինությունը, որպեսզի վաղը միայնակ չմնան այս օտարահպատակ իշխանությունների բռնաճնշումների և հետապնդումների դեմ»։

Նշենք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ` նախընտրական շրջանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարեց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին, որից հետո խուզարկություններ իրականացվեցին։

Թևանյանը ձերբակալվել է մայիսի 23–ին լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն: Քննության վարկածով՝ նա ապօրինի կերպով մանրամասն տեղեկություններ է ստացել 2024 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական փակ քննարկումից, նյութերը թարգմանել է ռուսերեն և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Ինչպես պնդում է ՀՀ քննչական կոմիտեն, այդ նպատակով նա ստացել է 622 հազար դոլար։

Մայիսի 23-ին նա կալանավորվել է և կալանքի տակ է մինչ օրս։